ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը դեկտեմբերի 11-13-ը, համախմբելով գիտության տարբեր բնագավառների ուսումնասիրությամբ զբաղվող երիտասարդ հետազոտողների, գիտնականների, ասպիրանտների և մագիստրոսների, կազմակերպում է «Ապագայի Հայաստան» երիտասարդ գիտնականների գիտաժողով-դպրոց: Ծրագիրը նախատեսված է եղել իրականացնել դեռ մարտին, սակայն համավարակի և երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով հետաձգվել է:
Նախատեսվող գիտաժողով-դպրոցի ընթացքում զեկուցումներով հանդես կգան դասախոսներ, ասպիրանտներ ու մագիստրոսներ, գիտության տարբեր ոլորտներում կայացած գիտնականներ: Գիտաժողով-դպրոցը մասամբ հեռավար է անցկացվելու՝ հնարավորություն ընձեռելով բազմաթիվ հետաքրքրվողների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, մասնակցելու աշխատանքներին:
Գիտաժողով-դպրոցը միտված է մեկ հարկի տակ համախմբելու երիտասարդներին ու կայացած մասնագետներին, որոնք հնարավորություն կունենան հագեցած օրակարգով բովանդակալից ու թիմային քննարկումներ կազմակերպել՝ ուղենշելով երկրի գիտական հնարավորություններն ու գիտական միտքը: Գիտաժողովի բացումը կկայանա դեկտեմբերի 11-ին ժամը 10:00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում:
«Մենք հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի փորձառու գիտնականները կարողանան իրենց գիտելիքները հաղորդել երիտասարդ սերնդին»,- ասում է կազմկոմիտեի անդամ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը: Համաճարակային իրավիճակից ելնելով՝ գիտաժողով-դպրոցն իր աշխատանքները կշարունակի փոքր խմբով՝ դեմ առ դեմ ձևաչափով: