Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն մասնագետների 4-րդ թիմին է գործուղում Հայաստան: Այս անգամ բրիտանացի բժիշկներն են կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց փորձը ներկայացրել մեր մասնագետներին: ՄԱԿ-ի Երևանի գրասենյակում նրանք ներկայացրել են Քովիդի հետ կապված աշխատանքի ընթացքը:
Բրիտանացի բժիշկ Էնդին է. նրա թիմը երկու շաբաթ է, ինչ ժամանել է՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու Հայաստանի առողջապահական համակարգին: Մերոնց գործից Ռեբեկա Ինգլիսին ամենաշատը տպավորել է բժիշկների չհանձնվելը. նույնիսկ անհուսալի հիվանդի համար, ասում է, այստեղ պայքարում են մինչև վերջ:
Ռեբեկա Ինգլիս (Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբի անդամ)- էնտուզիազմը, չհանձնվելու մոտեցումն է, որ ես կտանեմ ինձ հետ: Ձեր բուժաշխատողները կատարյալ են դիմադրել վարակի առաջին ու երկրորդ ալիքներին, այդպես է նաև հիմա:
Միացյալ Թագավորությունից մասնագետները մեր երկիր են գործուղվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության օժանդակությամբ: Քովիդի տարբեր փուլերում տարբեր երկրներում աշխատելով՝ նրանք շտապ բուժօգնության մեծ փորձ են կուտակել: Իրենց խորհուրդներն ու առաջարկներն արել նաև կորոնայով վարակվածներին մեզ մոտ սպասարկող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում ու «Նորք»-ի ինֆեկցիոնում: Ամբողջ աշխարհում, դժբախտաբար, ըստ բժիշկ Պաուլի, այս վիրուսից շատերն են մահանում:
Պաուլ Ռանսոմ (Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբի անդամ)- Այնուամենայնիվ, ինչն ինձ տպավորեց այստեղ, մահացության ցածր մակարդակն է: «Նորք»-ի հիվանդանոցում, որտեղ մենք ներկա էինք, բժիշկներին հաջողվում էր շատերին կյանքի վերադարձնել:
ՄԱԿ-ի Երևանի գրասենյակում կազմակերպված քննարկմանը բրիտանացի մասնագետները հատուկ գովեցին մեր բուժքույրերին: Զարմացած են՝ ինչպես են հասցնում հոգ տանել ինտենսիվ խնամքի բաժանմունքում գտնվող միաժամանակ 50 հիվանդի նկատմամբ: Առաջիկայում կայցելեն նաև մարզային երկու՝ վերապրոֆիլավորված Քովիդ-կենտրոններ:
Էնդի Քլարկ (Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբի ղեկավար)- Այս շաբաթ հնարավորություն ունեցանք նաև իրականացնել մայրաքաղաքի շտապ բուժօգնության Քովիդ-կանչերը սպասարկող ծառայության անձնակազմի վերապատրաստում:
Էնդիի թիմն, ի դեպ, ԱՀԿ-ից Հայաստան գործուղված արտասահմանցի մասնագետների արդեն չորրորդ խումբն է իտալացիներից, գերմանացիներից ու լեհերից հետո: