Զադոյանների ընտանիքը հայրենի Բերձոր հաստատ վերադառնալու է: Դեռ ժամկետ չգիտեն, անվտանգության հստակ երաշխիքների են սպասում, որ երեխաներին էլ կարողանան տանել: Մինչև այդ՝ հաստատվել են Արմավիրի մարզի Արաքս գյուղում:
Ամենալավ տունը, դպրոցն ու ամենաջերմ ընկերությունը Սվետլանան թողել է Բերձորում։ Առանց արցունքների խոսել չի կարողանում։ Իր մեծ ընտանիքի հետ սիրելի քաղաքը թողել է հարկադրաբար, և դատարկաձեռն հասել Հայաստան։ Հայրիկը մնացել էր սահմանները պաշտպանելու։ Ինքը մայրիկի, տատիկի և փոքր քույրերի ու եղբայրների հետ տուն գտավ Արաքս գյուղում։ Վատ չէ, բայց Բերձորն ուրիշ է:
Նարե (Բերձորի բնակիչ) - «Մենք մեր տունն ենք ուզում»:
Մարգարիտա Մարգարյան (Բերձորի բնակիչ) - «Մենք 94 թվականից այնտեղ աշխատել ենք, տուն ենք դրել»:
Զադոյանները Բերձորի առաջին բնակիչներից են։ Երկար տարիներ ապրել են դժվար պայմաններում․ վեց երեխա են լույս աշխարհ բերել։ Արցախի կառավարությունը մեկ տարի առաջ երկհարկանի տուն նվիրեց։ Նոր-նոր պետք է վայելեին, երբ սկսվեց պատերազմը։ Բազմանդամ ընտանիքն իր ընդհատված երջանկությունը կվերագտնի միայն հարազատ քաղաքում, եթե վստահ լինի, որ վտանգ չկա։
Սուսաննա Մարգարյան (Բերձորի բնակիչ) - «Չորս կողմը թուրքերն են, ոնց գնամ ապրեմ, իմ տնից 2 կմ թուրքն է, ինչ երաշխիքով երեխաներիս տանեմ: Հա․ ռուս խաղաղապահները կանգնած են, բայց ճանապարհի եզրով են կանգնած, իսկ իմ տունը հեռու է»։
Ավետիս Զադոյան (Բերձորի բնակիչ) - «Խաղաղապահն ասում է՝ ես միայն ճանապարհն եմ պահում, հո չի՞ գալու 5 կմ քայլի տենա՝ մեզ խփել են, թե՝ չէ»։
Ամուսինները Բերձորի քաղաքապետի հետ մշտական կապի մեջ են։ Համայնքի ղեկավարն առաջարկում, բայց չի պարտադրում վերադառնալ։ Դա անհատական որոշում է՝ ասում է։ Իսկ անվտանգության երաշխիքներ՝ ինքը չէ, որ պետք է տա։
Նարեկ Ալեքսանյան (Բերձորի քաղաքապետ) - «Ես չեմ, որ անվտանգության երաշխիքներ պիտի տամ։ Ես այստեղ եմ և ասում եմ՝ վտանգավոր չէ․․ Չեմ ասում՝ էն կյանքն ենք ունենալու, ինչ սրանից 3 կամ 4 ամիս առաջ՝ հաշվի առնելով պատերազմ, հետպատերազմյան շրջան՝ իր բարդություններով ու դժվարություններով՝ սկսած ապրելուց, տեղաշարժից ու մյուս բաներից։ Բայց հիմա մենք ենք որոշում՝ պատրա՞ստ ենք այդ դժվարություններով ապրել, թե՝ պատրաստ չենք»։
Պատերազմից վիրավորումով վերադարձած բազմազավակ հայրիկին՝ Ավետիսին, դժվարությունով չես վախեցնի։ Իր մտահոգությունը մանկահասակ երեխաներն են, որոնցից 4-ը՝ դպրոցական։
Ավետիս - «Եթե գնացինք՝պետք է չաշխատենք․ զենքները ձեռքներս կանգնենք սարի վրա»։
Իսկ քանի դեռ այստեղ են՝ Ավետիսն աշխատանք պետք է գտնի, որ իր մեծ ու համերաշխ ընտանիքի կարիքները հոգա։ Բերձորում շինարարություն է արել, վատ չի վաստակել։ Ցանկացած գործի պատրաստ է նաև հիմա, միայն թե վնասվածքները թույլ չեն տալիս։ Եթե ֆիզիկական ուժ չպահանջող մի գործ գտնի՝ հաճույքով կաշխատի՝ մինչև Բերձոր վերադառնալը։