«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ ընդգծելով, որ արտարժույթի շուկայում ԿԲ-ն դեռևս ամբողջ ծավալով չի կիրառում իր գործիքակազմը:
«Չնայած հնչող տեսակետներին՝ ասեմ, որ արտարժույթի շուկայում ԿԲ-ն դեռևս ամբողջ ծավալով չի կիրառում իր գործիքակազմը, քանի որ արտարժութային շուկայում ներկա իրավիճակը դիտարկում է որպես միմիայն անորոշությամբ պայմանավորված շոկ։ Իմ կարծիքը հենված է փաստերի վրա: 2020 թ. հոկտեմբերի վերջին ՀՀ համախառն միջազգային պահուստները կազմում էին 2.31 մլրդ ԱՄՆ դոլար։ Նոյեմբեր ամսվա ընթացքում պահուստները նվազել են 38 մլն դոլարով՝ կազմելով 2.28 մլրդ դոլար։
Համեմատության համար նշեմ, որ հեղափոխական 2018 թ. ապրիլ ամսվա ընթացքում միջազգային պահուստները նվազեցին շուրջ 195 մլն ԱՄՆ դոլարով, իսկ 2020 թ. ապրիլին, երբ COVID-ով պայմանավորված արտարժութային շուկայում կրկին առկա էր բավական մեծ ճնշում, պահուստները նվազեցին 91 մլն ԱՄՆ դոլարով։
Ամփոփելով՝ կարծում եմ, որ արտարժութային շուկայում ներկա ռիսկերը խիստ կարճաժամկետ են (որի մասին են խոսում նաև ԿԲ քայլերը) և այդ ռիսկերից խուսափելու լավագույն լուծումը խուճապի մեջ չընկնելն է և հավելյալ սպեկուլյատիվ ռիսկեր չգեներացնելը։
ԿԲ ունի բավական գործիքակազմ ըստ անհրաժեշտության միջամտելու համար (ինչպես նշեցի՝ շուրջ 2 մլրդ 277 մլն ԱՄՆ դոլարի չափով, որոնք ի դեպ հեղափոխությունից հետո աճել են 238 մլն ԱՄՆ դոլարով)։ Ես հավատում եմ մեր պետականությանը, ազգային դրամին ու նաև նրան, որ ազգովի այս շոկն էլ կհաղթահարենք մեր քրտնաջան աշխատանքով»,- գրել է նա։