Աբխազիայում վրաց-աբխազական պատերազմի վետերաններից կազմված «Արուա» (Ռազմիկներ) հասարակական կազմակերպությունը դիմել է հանրապետության ղեկավարությանը` պահանջելով արտաքին քաղաքականության հայեցակարգից բացառել Վրաստանի հետ բանակցությունների լրացուցիչ ձևաչափի մասին կետը՝ հայտնում է INTERFAX-ը:
«Դեկտեմբերի 4-ին երկրի նախագահը հաստատեց «Աբխազիայի արտաքին քաղաքական հայեցակարգը», որի կետերից մեկը թույլ է տալիս պայմաններ ստեղծել Վրաստանի և Աբխազիայի միջև բազմամակարդակ բանակցությունների լրացուցիչ ձևաչափի ձևավորման համար: Դրա շրջանակում վրացական կողմի հետ հնարավոր կլինի քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց լուծումը Ժնևի միջազգային քննարկումների շրջանակներում հնարավոր չէ»,- ասվում է փաստաթղթում:
Ընդդիմության կարծիքով՝ այս կետը, «եթե կյանքի կոչվի, երկրորդ պլան կմղի Ժնևի քննարկումները, որոնք անցկացվել են Մեդվեդև-Սարկոզի պայմանավորվածությունների համաձայն»:
«Արուա»-ն կարծում է, որ «այսպիսով Աբխազիայի ղեկավարությունն իր ձեռքով իջեցնում է բանակցային գործընթացի կարգավիճակը, քանի որ Վրաստանում դեռ գործում է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, ինչը նշանակում է, որ ոչ ոք ուղղակի և հավասար պայմաններով չի բանակցի Աբխազիայի հետ»:
Հասարակական կազմակերպությունը նաև մտավախություն ունի, որ «Աբխազիան կկորցնի միջազգային միջնորդներին և բարձր կարգավիճակը ժնևյան բանակցային գործընթացում»: