Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը Թուրքիայի նախագահ Էրդողանին խորհուրդ է տվել հիշել Էնվեր փաշայի վախճանը:
Բաքվում կայացած շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևն ասաց, որ «Երևանը, Զանգեզուրը և Սևանը Ադրբեջանի պատմական հողերն են», իսկ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը հիշեցրեց Էնվեր փաշայի մասին, որը 1915 թ. Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկն էր: Ալիևն ասաց, որ պատերազմը դեռ չի ավարտվել, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի, «եթե Հայաստանի ժողովուրդը դասեր չքաղի Ղարաբաղում կատարվածից»:
«Շատ յուրօրինակ պատմական հիշողությունը պարոն Էրդողանին թույլ է տալիս հիշել Էնվեր փաշային՝ չհիշելով, թե ինչ է նա արել հայերի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, կամ ինչ վախճան է ունեցել: Ես խորհուրդ եմ տալիս պարոն Էրդողանին հիշել այդ մասին»,- ասել է Զատուլինը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:
Զատուլինը նաև ավելացրել է, որ «Ադրբեջանի ավագ եղբայրը՝ նախագահ Էրդողանը», Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումից առաջ բավական լավ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում թանգարաններին և քրիստոնեական արժեքներին, երբ Սուրբ Սոֆիան վերածեց մզկիթի, մինչդեռ այն կառուցվել է Կոստանդնուպոլսում թուրքերի հայտնվելուց 1000 տարի առաջ:
Անդրադառնալով Բաքվում կայացած զորահանդեսում Ալիևի հայտարարություններին՝ քաղաքական գործիչը նշել է, որ «МГИМО-ի այս շրջանավարտը շատ յուրովի է հասկանում պատմությունը»:
«Սա ինձ ընդհանրապես կասկածի տեղիք է տալիս, որ МГИМО-ում պատմության դասավանդման հետ կապված ամեն ինչ կարգին է: Ես ինքս ավարտել եմ Պատմության ֆակուլտետը, և ես երբեք չեմ լսել, որ մեր երկրում որևէ մեկն այդպես մեկնաբանի պատմությունը, ըստ որի՝ Երևանը հինավուրց ադրբեջանական հող է: Որքան ես գիտեմ պատմությունը, ադրբեջանցիներն իրենց անվանումն օրինականացրին միայն 20-րդ դարում: Ռուսական կայսրությունում՝ մարդահամարի ժամանակ, նրանց անվանում էին թուրք-թաթարներ: Դա կարելի է վերագրել ռուս գաղութարարների անտեղյակությանը»,- շեշտել է նա:
Այս առնչությամբ Զատուլինն ասել է, որ երկրի նախագահին անթույլատրելի է նման հայտարարություններ անելը:
«Այս հայտարարությունները հանգեցնում են այն մտահոգությանը, որն արտահայտվում է ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում Կովկասում Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշինքի վերաբերյալ»,- ասել է նա: