Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկաններն օգտագործվում են որպես «թնդանոթի միս»: Պատերազմի ավարտից մեկ ամիս անց BBC-ն նորից անդրադարձել է Արցախի դեմ կռվող ահաբեկիչներին, նշել, որ Թուրքիան ու Ադրբեջանը հերքում են դա: 4 սիրիացի վարձկան լրագրողին պատմել է, որ չեն իմացել, որ գալիս են Ղարաբաղի դեմ պատերազմելու, իրենց անցակետում հերթափոխի ծառայություններ են առաջարկել, իսկ հետո նրանք անսպասելիորեն հայտնվել են առաջնագծում: Լավ վճարվող աշխատանքի մասին լուրերը Սիրիայի հյուսիսային շրջաններում սկսեցին շրջանառվել դեռևս այս տարվա օգոստոսից: Սիրիացի վարձկաններից մեկը բրիտանական պարբերականին պատմել է, որ Ադրբեջանում զինվորական անցակետում լավ աշխատանքի մասին ինքը տեղեկացել է ընկերոջից:
«Նրանք մեզ ասացին, որ մենք պետք է ստանձնենք Ադրբեջանի սահմանին խաղաղապահի առաքելությունը՝ առաջարկելով ամսական 2 հազար դոլար, ինչը մեծ երջանկություն էր մեզ համար»: Սիրիացի վարձկանները Սիրիայի թուրքամետ ազգային բանակի զինյալներն են, որոնք կռվում են կառավարական ուժերի դեմ:
Վարձկաններից մեկի հավաստմամբ՝ արաբական երկրում շատերն օրական 1 դոլար են վաստակում, և նման բարձր աշխատավարձն իրենց համար Աստծո պարգև էր: Թուրքիաի տարածքով թուրքական ռազմատրանսպորտային օդանավով Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկանների թիվը 1500-2000 էր:
«Աշխատանքը մեր պատկերացածը չէր, շատերս զինվորական գործի փորձառություն չունեինք և պետք է մասնակցեինք պատերազմին: Այդ մասին հասկացանք, երբ մեզ տեղափոխեցին առաջնագիծ ու հրամայեցին կռվել: Ես հույս չունեի, որ ողջ կմնամ: Ողջ մնալու հավանականությունը մեկ տոկոս էր: Մահն ամենուր էր»:
BBC-ի զրուցակից 4 վարձկանից 2-ը զղջում են, որ ահաբեկիչ են դարձել ու կռվել արցախցիների դեմ: Խոստովանում են, երբ մարդիկ իրենց հարցնում են, արդյոք Սիրիայից դուրս էին գնացել, հերքում են: Չեն ընդունում նաև, թե ինչ են արել: Այս ամիս սիրիական լրատվադաշտում մի քանի չհաստատված հոդված է շրջանառվել ահաբեկիչների նոր խմբի հավաքագրման մասին: Բի-Բի-սի-ն չի ստանձնում այս լուրը հաստատելու հանձնառությունը: Սիրիայում ահաբեկչների վերապատրաստման այս ակտիվ գործընթացը կապում են տնտեսական, սոցիալական ճգնաժամի հետ, հենց այդ պատճառով Թուրքիայի խոստացած 2000 դոլարը շատ մեծ եկամուտ է թվում զինյալներին: Քութաիբան, որ Ազատ սիրիական բանակին է միացել որպես վարձկան, հորդորում է խիստ չդատել փողով Արցախի դեմ կռվող ահաբեկիչներին. նրանք իրենց երեխաների համար չեն կարողացել կաթ գնել:
Պատերազմից մեկ ամիս անց միջազգային մամուլը խոսում է ոչ միայն Ադրբեջանի պետական, այլև մշակութային ահաբեկչության մասին: Ազատություն ռադիոկայանը հոդված է հրապարակել Ջուղայի գերեզմանատան ավերման մասին՝ «Երբ աշխարհն այլ կողմ է նայում» վերնագրով: 2005-ին, երբ Նախիջևանի Ջուղայի գերեզմանատունը ոչնչացնելու լուրը հասավ Իրան, տեղի հայ հոգևորական Նշան Թոփուզյանին հաջողվեց հասնել այնտեղ ու նկարահանել, թե ինչ են անում ադրբեջանցիները հայկական ժառանգության հետ: Ի դեպ, այդ ադրբեջանցիները զինվորականի համազգեստով էին: Շատերը կարծում էին, որ այս ավերվող խաչքարերը միջնորդ էին դարձել երկնքի ու այնտեղ թաղվածների միջև,- գրում է հեղինակը: Իսկ ադրբեջանցիները, բնականաբար, հերքում են, որ այնտեղ ընդհանրապես որևէ գերեզմանատուն է եղել՝ նույնիսկ հազարավոր ապացույցներից հետո: