Ռուս խաղաղապահները «Ուրան-6»-ը օգտագործել են Ստեփանակերտի օդանավակայանի ականազերծման ժամանակ: Խաղաղապահ ուժերի ռուսական զորամիավորման մասնագետները շարունակում են աշխատանքն Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ:
Ստեփանակերտի օդանավակայանի հարակից հատվածներից մեկի ականազերծման ժամանակ սակրավորներն օգտագործել են «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտ համալիրը: Դրա օգտագործումն ապահովում է անձնակազմի լիակատար անվտանգությունը և թույլ է տալիս բարձրացնել տարածքը պայթուցիկներից մաքրելու աշխատանքի արդյունավետությունը:
Նաև օրվա ընթացքում իրականացվել է ինժեներական հետախուզության և ականազերծման աշխատանք Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի և Ստեփանակերտի Աջափնյակ փողոցի տարածքում: Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումները մաքրել են Արցախի ավելի քան 80 հա տարածք, 24.8 կմ ճանապարհ, 168 բնակելի շենք և 6 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել 4577 պայթուցիկ:
Հայտնաբերված պայթուցիկները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ վայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումները կիրառելով: Ականազերծման աշխատանքներում ներգրավված զինծառայողները հագեցած են սակրավորի ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքով և զինված են պայթուցիկ առարկաների որոնման ժամանակակից միջոցներով ՝ ականի դետեկտորներով:
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:
Նրանց օգնությամբ պատերազմից տուժած տարածքներում շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը:
Օրվա ընթացքում վերականգնվել է Լիսագորի տարածքում գտնվող 2 հենասյուն, 1 կմ էլեկտրահաղորդման գիծ և 1,2 կմ գազատարի պահուստային հատված: