«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն արցախցի աշակերտների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 451 երեխայի համար ձեռք է բերել դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ պարագաներ:
1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, մկրատներ և այլն:
«Դպրոցականների քանակը և կարիքը հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները: Դպրոցական պայուսակների բաշխումն արվելու է հասցեական՝ «Իմ քայլը» հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից:
Պահանջը մշակվել է հեռավար ուսուցման ընթացքում, երբ դպրոց էին հաճախում միայն տարրական դասարանների աշակերտները:
Երախտապարտ ենք և´ մեր նվիրատուներին, որոնց վստահության ու գործուն քայլերի շնորհիվ կարող ենք լինել մեր հայրենակիցների կողքին, և´ մեր կամավորներին, որ ջանք չեն խնայում անհրաժեշտ օգնությունը տեսակավորելու, տեղափոխելու համար»,- գրված է հայտարարությունում: