Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսատեսի առջև իր դռները կբացի արցախյան հերոսներին նվիրված համերգով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Դեկտեմբերի 11-ին կհնչի Արամ Խաչատրյանի մոնումենտալ «Զանգերով» սիմֆոնիան, որն ազգային աղետի դեմ համառ պայքարի մարմնավորում է։ Կհնչի նաև Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը (մենակատար՝ Կիրիլ Սոլդատով, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
«Անհամբեր սպասում ենք այս համերգին, երբ համերգասրահը կրկին կլցվի մեր հավատարիմ ունկնդրի ջերմ ներկայությամբ: Ամբողջական նվագախմբով «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին անգամ ելույթ ենք ունեցել մարտի 13-ին՝ մոտ ինն ամիս առաջ: Դեկտեմբերի 11-ի համերգին մեր նվագախմբի մեծ բարեկամ, վիրտուոզ շեփորահար Կիրիլ Սոլդատովի հետ կատարելու ենք հայկական դասական կոմպոզիտորական արվեստի լավագույն ստեղծագործությունները: Մեծ խոնարհմամբ համերգը նվիրում ենք Արցախում կռված մեր հերոս տղաներին, նրանց սխրանքը միշտ վառ պիտի պահենք մեր սրտերում և այնպես ապրենք, որ արժանի լինենք նրանց անձնազոհ ոգուն»,- նշում է ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
ՀԱՖՆ-ը վերսկսում է նաև «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի ծրագրերը: Բեթհովենի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 16-ին, կներկայացվեն մեծ կոմպոզիտորի թիվ 5 և 6, իսկ դեկտեմբերի 17-ին՝ թիվ 1 և 4 սիմֆոնիաները:
Անտեսված չեն մնա նաև Ֆիլհարմոնիկի մանկահասակ ունկնդիրները. դեկտեմբերի 23-26-ը՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն հատվածներ Չայկովսկու հեքիաթային «Շչելկունշչիկ» բալետից, սպասվում են նաև բազմաթիվ անակնկալներ:
Համերգների ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: