Պատերազմը խլացրեց նաև դասական երաժշտության հնչյունները: Երկար դադարից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կբացի դռները՝ Արցախում քաջաբար մարտնչող հերոսներին նվիրված համերգով:
Նվագախմբում կլինեն նաև երաժշտական գործիքը տասնյակ օրեր զենքով փոխած երաժիշտներ: Ֆագոտահար Շմավոնը հենց առաջին օրերից որպես կամավորական ընկերների հետ Քարվաճառում էր: Հիմա փորձում է ռումբի ձայները իր նախընտրած գործիքի հնչյուններով փոխարինել:
Շմավոն Գրիգորյան (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահար) - Սկզբի օրերի շատ դժվար էր հետ վերադառնալ էս ամենին, բայց հիմա, ես կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է մի կողմ դնել էմոցիոնալ մտքերը և ուղղակի կենտրոնանալ երաժշտության վրա:
Գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով՝ մարտի 13-ից հետո համաճարակը, ապա պատերազմը իրենց բոլոր ծրագրերը կանգնեցրել էին:
Էդուարդ Թոփչյան (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) - Շատ կոտրված էինք, առաջին օրերը շատ դժվար էր նվագելը բոլորիս, բայց... Իսկ ի՞նչ պետք է անենք, պետք է շարունակենք, պետք է հզորանանք:
Դեկտեմբերի 11-ին կհնչի Արամ Խաչատրյանի մոնումենտալ «Զանգերով» սիմֆոնիան, որը ազգային աղետի դեմ համառ պայքարի մարմնավորում է: Կհնչի նաև Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը: Թոփչյանն ասում է՝ ընտրությունը պատահական չէ՝ սա համամարդկային հանրահայտ ստեղծագործություն է և հարազատ ու հասկանալի հայության համար:
Էդուարդ Թոփչյան - Ինքը հա՛մ ահազանգ է, հա՛մ պատերազմ է, հա՛մ ամեն ինչ ու ցեղասպանությունն է, ու 4-րդ մասում հաղթանակ է, և դա մեզ ցույց է տալիս մեր վերածնվող հաղթանակը:
Մենակատար Կիրիլ Սոլդատովը պատիվ և մեծ պատասխանատվություն է համարում նվագել Ալեքսանդր Հարությունյան՝ հենց հեղինակի հայրենիքում, հատկապես նման լռությունից հետո:
Կիրիլ Սոլդատով (մենակատար) - Այս աշխատանքի յուրահատկությունն այն է, որ մի գործի մեջ կա և՛ հայ ժողովրդի ցավը, և՛ մտածմունքները, և՛ անհանգստությունը, կոլորիտը, մշակույթը: Մենք նույնպես ամեն օր անհանգիստ էինք, հետևում էինք ձեզ համար այս դժվար օրերին, ուզում ենք այս ամենից հետո երաժշտությամբ, այսպես ասած, ձեզ ոգևորել և ուժ տալ:
Ի դեպ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում նստատեղերի միջև պահպանվելու են սոցիալական հեռավորությունն ու հակահամաճարակային բոլոր կանոնները: Դահլիճում 400 հոգի առավելագույնը կլինի:
Էդուարդ Թոփչյան - Շատ երկար ուսումնասիրել եմ նաև դրսի փորձը, ես հասկացել եմ՝ եթե երկու աթոռ զբաղեցրած չլինի, մյուսը լինի, և շախմատաձև նստած լինեն, վարակվողներ չեն լինի:
Թոփչյանի խոսքով՝ անտեսված չեն մնա նաև ֆիլհարմոնիկի փոքրիկ ունկնդիրները: Նրանց համար ևս ծրագրեր կան:
Էդուարդ Թոփչյան - Ինչ-որ տոների սիրտ չկա, բայց ես կարծում եմ՝ մենք չենք կարող մեր երեխաներին զրկել այդ Նոր տարվա հրաշքից:
Դեկտեմբերին մի քանի օր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն հատվածներ Չայկովսկու հեքիաթային «Շչելկունչիկ» բալետից: Կգործի նաև ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք: