Կռիվ տված տղաները կրկին միասին են՝ լիարժեք բուժելու պատերազմի վերքերը: Կյանքի ու մահվան սահմանագծից այս կողմ նորից ժպտում են: «Գինի լիցն» էր ռազմաճակատում խլացնում թշնամու ռումբի պայթյունը: Պատերազմի մարտիկի ու երգչի ձայնը նաև թիկունքին էր ոգևորում:
Երգող զինվորների տեսանյութը համացանցում հայտնվեց պատերազմի թեժ օրերին ու հիթ դարձավ: Թշնամու հարձակումից փրկված զինվորներն օրերով քաղցած քայլել են: Եղբայր, հարազատ կորցրած տղաներին նաև Խաչենցն է ուժ տվել. լացելու ժամանակը չէ, եկենք երգենք:
Արթուր Խաչենցը Հադրութից է: Իր քաղաքն առաջիններից մեկը հայտնվեց թշնամու թիրախում: Պատերազմի առաջին օրն Արթուրը Երևանում էր: Կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողը, որ մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին, րոպե անգամ չմտածեց: Արցախին սպառնացող վտանգը ոտքի հանեց նաև հորը, եղբորը, քեռիներին, հորեղբայրներին: Ինչ հասցրել էր վերցնել տնից, ուսապարկում է:
Արթուր Խաչենց - Գետաշենցի ընկերոջս նվիրած Նոր կտակարանն է: Տնից, երբ վերջին անգամ դուրս եմ եկել, հասցրել եմ վերցնել զոհված հորեղբորս երկու նկարը լուսափեղկից ու երկու ընտանեկան լուսանկար:
Արցախ հասնելուն պես ընտանիքն ապահով վայր է տեղափոխել, ինքը դիրք բարձրացել: Թանկ իրերը դրել է զրահաբաճկոնի գրպանում՝ սրտին մոտ: Բարձունքից մի անգամ էլ նայել է Հադրութի տանը: Տնից դուրս են եկել՝ համոզված, որ մի օր անպայման վերադառնալու են:
Արթուր Խաչենց - Հարակից տները հրետակոծվել են: Մեր տունը, որ վերջին անգամ տեսել եմ, անվնաս էր: Այս նկարները, որ վերցրել եմ, չեմ մտածել, որ գոնե մոտս մնան: Միշտ հավատացել եմ, որ Աստվածաշունչը պահելու է:
Հադրութի քաղցրահամ նռան վերջին բերքի նկարներն են, դիրք բարձրանալուց առաջ է նկարել, հյուրասիրել շտապօգնությամբ տեղափոխվող, արյուն կորցրած վիրավոր զինվորներին: Հիշատակի անկյունում Արթուր Խաչենցը երկար է կանգնում: Ափսոսանքը մեծ է՝ լավագույն տղերքը հեռացան նաև երաժշտական բուհից:
Հուսահատվել չկա. տղաներն ապրելու են նաև կորցրած ընկերների փոխարեն: Իրենց գործը դեռ չի ավարտվել:
Արթուր Խաչենց - Զոհված տղաների կիսատ գործերը չպետք է թողնել օդում: Ծնողների տան դռները միշտ պետք է ծեծող լինի: Պետք է ստեղծագործել, արարել:
Պատերազմի մարտիկն ու երգիչը վստահեցնում է. գնացել են համոզմունքով՝ կռվելու են մինչև վերջ ու հնարավոր էր՝ հետդարձի ճանապարհ չլիներ: