Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հարավային արվարձաններում ինժեներական հետախուզություն և ականազերծում են իրականացրել:
Մեկ օրվա ընթացքում մաքրվել են մոտ 5 հա տարածք, 500 մետր ճանապարհ և 24 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 6 չպայթած զինամթերք:
Ընդհանուր առմամբ, Արցախում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 70 հա տեղանք, ավելի քան 23 կմ ճանապարհ, 157 տուն և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4500 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորված զինափորձարան և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ: Ականազերծման ընթացքում ռուս սակրավորներն օգտագործում են «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիր: Դրա օգտագործումն ապահովում է անձնակազմի անվտանգությունը և թույլ է տալիս բարձրացնել տարածքը պայթյունավտանգ առարկաներից մաքրելու ուղղությամբ աշխատանքների արտադրողականությունը:
Ականազերծմանը մասնակցող զինծառայողները հագեցած են սակրավորի ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքով և զինված են պայթյունավտանգ առարկաների որոնման ժամանակակից միջոցներով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:
Ռուս խաղաղապահների օգնությամբ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Անցած օրվա ընթացքում վերականգնվել են երկու հենասյուն և ավելի քան 1.5 կմ էլեկտրահաղորդալար: