Կառավարության այսօրվա որոշմամբ՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը կհոգա պետությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրեց՝ տարվա սկզբում կառավարության որոշմամբ փոխվել էր զինծառայողների, փրկարարների և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ ծրագրի ֆինանսավորման մեխանիզմը՝ դառնալով բաց պայմանագրեր, երբ ԲԿ-ների տարեկան բյուջեները սահմանափակված չէին: Բայց այդ ծրագրում բացակայում էր վերականգնողական բուժօգնությունը՝ զինծառայողների՝ մարտական գործողությունների հետևանքով ստացած վիրավորումների անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը:
«Այս փոփոխությամբ առաջարկում ենք տեղափոխել բաց պայմանագրերի դաշտ, որ մերժումների և մրցակցության սահմանափակման հարց չունենանք: Այսինքն՝ ցանկացած ԲԿ, որն ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ՝ հաստատված համապատասխան լիցենզիայով, կարողանա այդ ծառայությունները մատուցել, և հերթերի, հերթագրման ու մերժումների խնդիր չառաջանա»,-նշեց Թորոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնեց՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա, ընդ որում՝ ծախսերը վերցնում է՝ բուժօգնությունը չկապելով որևէ բուժհաստատության հետ:
«Այսինքն՝ մենք քաղաքացուն ասում ենք, որ դուք ընտրեք, թե որտեղ եք ուզում անցնել այդ վերականգնողական բուժումը, և Կառավարությունը կվճարի այդ բուժման համար»,- նշեց վարչապետը: