Քաղաքացիները շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ցուցարարներն այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել:
Անդրանիկ Թևանյան (քաղաքագետ) - Թուրքերը ուզում են Հայաստանում պահել այն իշխանությունը, որի շնորհիվ նրանք տիրացան Արցախի 9 շրջանների: Էդ իշխանությունը հիմարաբա՞ր դա արեց, թե՞ դավաճանաբար՝ կպարզենք:
Տարբեր վանկարկումներով իրենց դժգոհությունը հայտնող քաղաքացիները մետաղադրամներ նետեցին և մյուսներին հորդորեցին միանալ իրենց ֆլեշմոբին։
Քաղաքացի - Հատուկ կլեով ամրացրել է ինքն իրեն այդ աթոռին, չի ցանկանում հեռանալ, բայց քանի դեռ Նիկոլն այդ աթոռը բռնազավթել է, ՀՀ-ն չունի հնարավորություն վերադարձնել այն խայտառակ իրավիճակը, որը ստեղծել է ինքը՝ Փաշինյանը:
Արդեն կեսօրին ակցիայի մասնակիցները փորձեցին մտնել կառավարության շենք, բայց ոստիկանները մի քանի շարքով պատ էին կազմել: Քաղաքացիները փորձեցին, բայց պատնեշը չկարողացան ճեղքել:
Ավելի ուշ ցուցարարները փակեցին Տիգրան Մեծի պողոտան: Ոստիկանները քիչ անց բացեցին ճանապարհը: Իրավապահ կառույցի հայտարարության համաձայն՝ բերման է ենթարկվել 42 քաղաքացի: Ցուցարարները հասան Ամիրյան փողոց, բայց ոստիկաններն արգելեցին քայլերթը երթևեկելի հատվածում շարունակել: Նախնական վերջնակետը՝ Ազատության հրապարակը, փոխարինվեց կառավարության շենքով: Ցույցն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր: