Պատանի բռնցքամարտիկները տևական ժամանակ պարտադրված պարապուրդի էին մատնված։
Իրավիճակը փրկելու համար բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան որոշեց օգտվել հնարավորությունից, որ կրկին կարելի է փակ տարածքներում մարզումներ ու մրցաշարեր անցկացնել՝ կազմակերպելով կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնություն։
Այն այս տարվա վերջին ստուգատեսն է ու հնարավորություն՝ հասկանալու համար, թե ինչ մարզավիճակում են գտնվում մարզիկները։ Դժվարությունները բռնցքամարտիկներին ուղեկցել են ամբողջ տարվա ընթացքում։ Չեղյալ հայտարարված մենամարտեր, չեղարկված մրցաշարեր և ուղևորություններ։
Շատերը կորցրել են որակները, ու դա հատկապես երևում է հենց այս տարիքում, որը կարևոր ժամանակաշրջան է նրանց համար։ Ե՛վ հավաքականի մարզիչները, և՛ անհատական մարզիչները՝ բոլորն էլ հասկանում են, որ շատերը կորցրել են իրենց տարիքում աճ գրանցելու հնարավորությունը։ Փոխվել է մարզումային պլանը, չեն եղել մրցաշարեր։
Այս առաջնության հիման վրա հավաքական թիմ չի ձևավորվելու, այն նպատակ ունի հենց հետ բերելու կորսվածը։
Այս պահին էլ դեռ անորոշությունները շատ են։ Միջազգային մրցաշարերի օրակարգը այս տարիքային խմբերի համար դեռ հստակեցված չէ։ Կրտսեր տարիքի պատանիների համար շատ կարևոր է իմանալ Եվրոպայի առաջնության անցկացման ժամկետները, որը տեղափոխվել է։ Ժամկետների հստակեցման դեպքում միայն Հայաստանում հնարավոր կլինի համաձայնեցնել նաև տեղի մրցաշարերի անցկացումը արդեն գալիք տարվա համար, որոնց հիման վրա էլ հենց ձևավորվելու է այդ տարիքային ազգային ընտրանին։
Իսկ մինչ մարզաձևի միջազգային պատկան մարմինները փորձում են համաճարակային իրականությունում գտնել լուծումներ, պատանիներին մնում է ռինգում ստացած այս բացառիկ հնարավորությունը օգտագործել առավելագույնս։