Ազգային ժողովը 87 կողմ ձայնով ընդունեց Կառավարության ներկայացրած «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ այն ստեղծագործությունները, որոնք հատուկ մշակում են անցնում, օրինակ՝ Բրայլի տառատեսակով են հրապարակվում, չեն համարվելու մտավոր սեփականության խախտումներ: Սա արվում էր այն նպատակի համար, որ հաշմանդամության որոշ խնդիրներ ունեցող մարդկանց համար հասանելի լինի արվեստը, և նրանք կարողանան ավելի լավ ինտեգրվել հասարակությանը:
Կառավարության ներկայացրած «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 87 ձայնով:
Հիշեցնենք, որ օրինագծերի փաթեթի նպատակն է հին նմուշի, այն է՝ ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել մեկ տարով՝ 2021 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով 2022 թ. հունվարի 1-ը:
Կառավարության և ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 86 ձայնով:
ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Արփինե Դավոյանի, Քրիստինե Պողոսյանի և Վահագն Հովակիմյանի ներկայացրած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 85 ձայնով: