ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ իշխանություններն արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ քաղաքական խորհրդակցությունների շարք կսկսեն:
«Նման բանը չեմ բացառում և պնդում եմ՝ իշխանությունը պատրաստ է նման քննարկում սկսել այն պայմաններով, ինչ վարչապետը նշեց ԱԺ-ում, որ ոչ մի կողմ մյուսին չի սպառնա: ՀՀ ճակատագիրը Ալենը, Նիկոլ Փաշինյանը, Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ դաշնակցության Հրանտը, մյուսը-մյուսը չեն որոշելու, այլ որոշելու է ժողովուրդը»,- ասաց Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ընդդիմության հետ հնարավոր է երկխոսություն, եթե նրանք հրաժարվեն բռնության և սպառնալիքի խոսույթից:
Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ նաև վարչապետի հրաժարականի՝ ընդդիմության պահանջին:
«Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տալիս ու ասում՝ պատրաստ չեն արտահերթ ընտրությունների, չեն ուզում արտահերթ ընտրություններ: Իսկ ո՞վ ասաց, որ նրա ասածը ճիշտ է, որ նա պետք է որոշի՝ ժողովուրդն ուզո՞ւմ է ընտրություն, թե՞ ոչ: Մարդ, որը ո՛չ կուսակցություն ունի, ո՛չ վարկանիշ ունի, որի հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Դաշնակցությունը, որոնք մշտապես մեղադրվել են ընտրակեղծարարության մեջ, որոշել են, որ ժողովուրդը մեկ տարի ոչ մի գործընթացի չպետք է խառնվի, իրենք պետք է որոշեն վերականգնել ընտրակեղծարարների, հարյուրապետների համակարգը և նոր տանեն մարդկանց ընտրությունների: Չի լինելու նման բան,- նշեց Սիմոնյանը՝ պնդելով, որ ՀՀ-ում ընտրություններ չեն կազմակերպելու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ կեղծել են այդ ընտրությունները, որոնք մարդկանց ցուցակներով ու «Գազելներով» բերել են ընտրությունների»: