ՀՀ Կառավարությունը հաստատել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ստուգումների իրականացման ևս 11 ստուգաթերթ։
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ ԱԱՏՄ բոլոր ստուգումները, բացառությամբ որոշների, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:
Այդպիսով ԱԱՏՄ-ն, որպես ստուգում իրականացնող կառույց, օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններն ամբողջապես և պատշաճ իրականացնելու հնարավորություն է ստանում։
Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ ՀՀ օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը, կենդանիներին, շրջակա միջավայրին, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության գույքային իրավունքներին:
Ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:
ՀՀ ԱԱՏՄ 2021 թ. տարեկան ծրագրով նախատեսված են ստուգումներ 241 տնտեսվարողի մոտ։
Ստուգումներն իրականացվում են տեսչականի վերահսկողության 4 հիմնական ոլորտում՝ դեղերի շրջանառության, բուժսպասարկման, հիգիենիկ և սանիտարահիգիենիկ վերահսկողության, ինչպես նաև աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ՝ ռիսկի վրա հիմնված։ Ռիսկերը գնահատվել են՝ նախապես հաստատված մեթոդաբանության համաձայն։