Եվրամիության ղեկավարները մտադիր են համաձայնեցնել Թուրքիայի ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Հունաստանի ու Կիպրոսի հետ էներգակիրների առնչությամբ վեճի պատճառով, սակայն կոշտ քայլերի ձեռնարկումը կհետաձգվի մինչև մարտ: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Հոկտեմբերից Եվրամիությունը սպառնում էր, որ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Կիպրոսի ափերին չարտոնված հորատումների ծրագրման ու իրականացման համար:
Եվրամիությունից հայտնել են, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հավանական կիրառման հարցը կհամակարգեն հունվարից ԱՄՆ նախագահի լիազորությունները ստանձնող Ջո Բայդենի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ իրեն չեն մտահոգում եվրոպական դաշինքի պատժամիջոցները: