Պատերազմի պատճառով որքա՞ն վնաս են կրել Արցախում աշխատող, բիզնեսին ու բնակչին վարկեր տված մեր բանկերը՝ ընդհանուր թիվ դեռ չկա: Առայժմ յուրաքանչյուրն իր կորուստն է գնահատում: Այս մասին Բանկերի միության գործադիր տնօրենը հայտարարել է հետպատերազմական բանկային համակարգի մասին կազմակերպված առցանց քննարկմանը:
Սպասումներն անորոշ են... Հետպատերազմական մեր տնտեսությանն այսպիսի գնահատական է տալիս Աշոտ Օսիպյանը: Թվարկում ռիսկերը, որ կան ու կարող են առաջանալ ֆինանսական շուկայում՝ արտարժույթի խնդիր, վարկային պորտֆելի վատացում, բանկերի իրացվելիություն:
Աշոտ Օսիպյան (Բանկային կառավարման դպրոցի հիմնադիր, տնտեսագետ) - Պետք է ազնիվ լինենք՝ պետությունում շատ վատ սպասումներ են տնտեսության զարգացման հետ կապված:
Ստեղծված իրավիճակում արտասահմանյան բիզնեսները հազիվ թե գան այստեղ ներդրում անելու: Առանց այդ էլ կորոնավիրուսը կրճատել էր մեր բաժին կանխատեսումը՝ միջազգային վերլուծաբանների թարմ հետազոտությունն է մեջբերում Բանկերի միության գործադիր տնօրենը:
Սեյրան Սարգսյան (Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն) - Զարգացող երկրներում դրսից ներդրումների ներհոսքը 60 անգամ պակաս է լինելու, քան 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Սա մենք պետք է նկատի ունենաք և մեծ ներդրումների ակնկալիք չպետք է ունենանք:
Այդուհանդերձ, պետք է այնպես անել, որ բնակիչ թե բիզնես, անորոշությունից անկախ, շարունակեն փող ծախսել, որ տնտեսությունն ակտիվանա: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնած առցանց քննարկմանը ֆինանսական անհրաժեշտ քայլեր է հուշում Բանկերի միության նախկին ղեկավարը:
Աշոտ Օսիպյան - Բանկերը կարիք ունեն 1-2 մլրդ դոլար վարկավորման, որի խնդիրը պետք է լուծի պետությունը, որ բանկերն էլ կարողանան մինչև պատերազմն ու Քովիդը եղած տոկոսադրույքով վարկավորել իրենց հաճախորդներին:
Երկրում եղած ամբողջ ազատ փողն օգտագործելու համար, ըստ Աշոտ Օսիպյանի, պետք է ամեն գնով նպաստել և´ բիզնեսի, և´ բնակչության տանը պահած մեծ ու փոքր խնայողությունները բանկեր տանելու գործին:
Աշոտ Օսիպյան - Իմ գնահատականով՝ մենք պետք է վերջին ընդունած բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունները չեղյալ համարենք, որպեսզի ավելի շատ գումար ունենանք բանկային համակարգում:
Հաճախորդ-բանկ-տնտեսություն շղթայում անհրաժեշտ է նորմատիվներ թարմացնել, որ մեղմվի պատերազմի ու ավելի վաղ Քովիդի առաջ բերած խնդիրները՝ համոզված է Սեյրան Սարգսյանը:
Սեյրան Սարգսյան - Օրենսդրական կարգավորումների, վերանայումների լուրջ խնդիր կա, և ֆինանսական հատվածի կարգավորումների և մի շարք այլ:
Ֆինանսական համակարգի համար ճիշտ կլինի էժան հիպոտեկի միջոցով խթանել նաև անշարժ գույքի շուկան: Այս ընթացքում իզուր ավելացվեց նաև գույքահարկի բեռը՝ կարծում է տնտեսագետը:
Աշոտ Օսիպյան - Քովիդի ժամանակ պետք չէր փոխել, մեզ պետական մարմինները չէին լսում:
Օսիպյանն ասում է՝ լոզունգների փոխարեն պետությունից ռեալ քայլ են սպասում. մեկ-երկու ծրագրով և´ դրսի ֆինանսիստներին, և´ տեղի գործարարներին ճանապարհ՝ Ռոուդ շոու ցույց տան: