ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Արցախի նվիրյալ զավակ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Շիրինի Բաբայանի մահվան մասին:
Անվանի երաժիշտն արժանիորեն վայելում էր իր հայրենակիցների անկեղծ սերն ու հարգանքը: Արցախյան ազատամարտի տարիներին նա իր ջութակի նվագով մեր տղաներին ռազմի դաշտ էր ճանապարհում, իսկ հետո արդեն՝ նվագում մեր նահատակների շիրիմներին՝ հավերժացնելով նրանց հիշատակը։
Մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Բորիս Բաբայանն արժանացել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալի։
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին:
Ջութակահար Բորյայի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ»: