ՀՀ Կառավարության որոշմամբ պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքները աջակցություն կստանան:
«Սույն որոշմամբ անհայտ կորած են համարվելու պաշտպանության նախարարության կողմից ներկայացված, իրենց տվյալներում առկա զինծառայողների ընտանիքների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա: Գործընթացը կազմակերպվելու է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հիմնադրամն է հետագայում այս անձանց օրենքով սահմանված կարգով շահառու դառնալու պարագայում շարունակելու փոխհատուցումը, և աջակցությունը տրամադրվելու է այնքան, մինչև այս անձինք կդառնան հիմնադրամի շահառու՝ համաձայն գործող օրենքի: Աջակցությունը տրամադրվելու է բյուջեից: Այս պահին 500 միլիոն դրամի չափով այնուհետև հիմնադրամի կողմից վճարումները կատարելուց հետո՝ կատարված չափով կփոխհատուցվի նույնպես բյուջեի միջոցներով»,- տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մեր օրենսդրության համաձայն նաև անետ կորած զինծառայողներն են համարվում հիմնադրամի շահառու: Բայց օրենսդրությունը բավականին երկար ընթացակարգեր է նախատեսել, որպեսզի այդ կարգավիճակը ստանան զինծառայողները: Դրա համար նախ մենք օրենսդրության մեջ փոփոխություն ենք մտցնում և կրճատում ենք այդ ժամկետը։ Այդ կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով։
Մինչև հիմա օրենսդրությամբ նախատեսված էր, որ դա պետք է տեղի ունենա մեկ և ավելի տարվա ընթացքում: Մենք ժամկետները կրճատելու ենք, որպեսզի այն ավելի արագ տեղի ունենա: Բայց ժամկետներն ինչքան էլ կրճատենք, այնուամենայնիվ, մի քանի ամիս այդ պրոցեսները տևելու են: Ըստ այդմ, որոշում ենք կայացրել բյուջեից գումար փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որպեսզի այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող կամ նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300.000 դրամ աջակցություն տրվի՝ մինչև իրենց կարգավիճակը կհստակեցվի: Եթե այս պրոցեսի արդյունքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, այսինքն պիտի ստանան օրենքով սահմանված աջակցությունը, բյուջեից վճարված գումարը կհաշվանցվի: Այսինքն՝ կնվազեցվի այդ գումարից, որն ի սկզբանե պետք է ստանային: Եթե կպարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում դա ուղղակի կլինի որպես աջակցություն: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում ներառվում են նաև գերեվարված անձանց ընտանիքները. այս որոշման իմաստով մենք որոշեցինք, որպեսզի նրանք նույնպես այս հնարավորությունից օգտվեն դարձյալ նույն սկզբունքներով»: