Ամբողջ աշխարհում ֆուտբոլ է խաղում 120 միլիոն պրոֆեսիոնալ և էլ ավելի շատ՝ սիրողական մակարդակում: ՄԱԿ-ի որոշմամբ՝ դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Ֆուտբոլի միջազգային օր:
Ֆուտբոլը ոչ միայն խաղ է և զվարճանք, այլ նաև՝ ազգային բնավորության արտացոլում։ Ֆուտբոլը կյանքի ոճ է։ Ֆուտբոլը նաև մեծ բիզնես է, որի տարեկան շրջանառությունը մի քանի տասնյակ միլիարդ դոլար է կազմում։
Առաջին հիշատակումը ոտքով գնդակ խաղալու մասին վերաբերում է չինական աղբյուրներին՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակ թվագրմամբ։ Չինացի զինվորներն այդ խաղի շնորհիվ մնում էին լավ ֆիզիկական վիճակում։ 2.5 հազարամյակ առաջ ֆուտբոլ խաղացել են նաև Հին Հունաստանում և Հռոմում։
Ոմանք պնդում են, որ ժամանակակից ֆուտբոլի հիմքում եղել է 8-րդ դարում Անգլիայում ապրած սաքսոնների վայրի խաղը՝ ճակատամարտից հետո թշնամու կտրած գլուխներին ոտքով հարվածելը։
1863 թ. ստեղծվեց ֆուտբոլի անգլիական ասոցիացիան, և ընդունվեցին խաղի կանոնները՝ արգելելով ձեռքով խաղը։ 1872-ին տեղի ունեցավ առաջին միջազգային հանդիպումը Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև։ Դարպասային ցանցն առաջին անգամ օգտագործվեց 1891 թվականին Անգլիայի Հյուսիսի և Հարավի հավաքականների խաղում։
Ֆուտբոլը Հայաստանում սկզբնավորվել է 20-րդ դարի 20-ական թվականներին, իսկ դարասկզբին, Արևմտյան Հայաստանում`Կոստանդնուպոլսում, Իզմիրում կազմավորվում են ֆուտբոլային թիմեր («Տորք», «Արաքս», «Հայաստան», «Վասպուրական», «Կիլիկիա», «Արարատ», «Համազասպ» և այլն), որոնք մրցում են թուրքական ակումբների և գերմանական ու անգլիական ռազմանավերի նավաստիների հետ: Այդ տարիներին էլ գրանցվում են առաջին հաջողությունները: 1911 թվականին «Հայաստանը» դառնում է Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած ֆուտբոլի մրցաշարի հաղթող, իսկ 1913-ին ուսումնական հաստատությունների առաջնությունում առաջին տեղը գրավում է Այնթապի քոլեջի «Կիլիկիա» թիմը:
Հայաստանում ևս կազմավորվում են թիմեր, որոնք ընկերական հանդիպումներ են անցկացնում միմյանց հետ:
Հայկական ֆուտբոլի զարգացման գործում շրջադարձային եղավ 1924 թվականը, երբ հոկտեմբերի 13-ին Բաթումի նավահանգստում խարիսխ գցեց «Չիչերին» շոգենավը, որով մայր Հայաստան էին վերադառնում թուրքական եղեռնից մազապուրծ եղած հայ գաղթականները: Այդ օրը Բաթումի խաղադաշտում կայացավ ֆուտբոլային մի յուրօրինակ հանդիպում, որի արդյունքն իսկական անակնկալ էր խաղը դիտած հանդիսականների համար: Հայ գաղթականներից կազմավորված թիմը 2:1 հաշվով հաղթեց այն տարիներին Անդրկովկասում ուժեղագույնների թվին դասվող Բաթումի դինամոյականներին:
1931թ. «Դինամո» մարզական ընկերությունը Երևանում ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու հարցով դիմեց Հայաստանի Ժողկոմխորհին, որի որոշմամբ «Դինամո» մարզադաշտի (ներկայիս «Հանրապետական» մարզադաշտը) շինարարության համար քաղխորհուրդը Երևանի կենտրոնում 16 հա տարածք հատկացրեց: Մարզադաշտի շինարարական հիմնական աշխատանքներն սկսվեցին 1933 թ., և արդեն 2 տարի անց խաղադաշտը շահագործման հանձվեց:
1971-ի մայիսի 19-ին իր հյուրընկալ դռները բացեց «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, որը դարձավ արարատցիների գլխավոր մրցաբեմը: «Կայրաթի» նկատմամբ խոշոր հաշվով (3:0) տարած հաղթանակով արարատցիները նշանավորեցին այդ իրադարձությունը:
1973 թ. «Արարատին» մարզելու հրավիրվեց սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Նա իր սաների հետ ապացուցեց, որ «Արարատն» ի վիճակի է նվաճելու խորհրդային ֆուտբոլի բարձունքները: Մրցաշրջան-73-ն իրոք ոսկե տառերով գրվեց հայկական ֆուտբոլի տարեգրությունում: Իր պատմության մեջ առաջին անգամ «Արարատը» դարձավ և՛ երկրի չեմպիոն, և՛ ԽՍՀՄ գավաթակիր:
ԽՍՀՄ փլուզումից հետո անկախություն ձեռք բերած բոլոր հանրապետություններում ստեղծվեցին ֆուտբոլի ազգային ֆեդերացիաներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվեց 1992 թ. հունվարի 18-ին, իսկ ՀՖՖ առաջին նախագահ դարձավ Նիկոլայ Ղազարյանը: Նույն թվականին ՀՖՖ-ն անդամագրվեց ՈՒԵՖԱ-ին, իսկ հուլիսի 3-ին` նաև ՖԻՖԱ-ին: Ձևավորվեց նաև Հայաստանի ազգային հավաքականը, որի գլխավոր մարզիչ նշանակվեց Էդուարդ Մարգարովը: