Ադրբեջանական գերության ծանր օրերը քաղաքացիական երեք անձի համար անցյալում են: Երկու տարեց տղամարդ ու մի կին երեկ երեկոյան Երևան են տեղափոխվել ռուսական կողմի միջնորդությամբ: Բաքուն Երևանին է փոխանցել նաև մեկ տղամարդու դի: Հայաստանի քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով նրանք տուժող են ճանաչվել:
Դեռ որքան ռազմագերի ու քաղաքացիական անձ է գերության մեջ պահում Ադրբեջանը, պաշտոնական Բաքուն շարունակում է թաքցնել: Բաց աղբյուրներով միայն Արցախի ՄԻՊ-ի գրասենյակն արձանագրել է՝ 60-ից ավելի ռազմագերի, մինչդեռ Բաքուն այլ թվեր է ներկայացրել:
Տարածվող տեսանյութերը փաստում են՝ գերության մեջ հայտնված թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանը պետական մակարդակով անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում, իսկ աշխարհը լռում է:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն Արցախի օմբուդսմանին ուղղված հարցն է՝ իսկ ի՞նչ պայմաններում են պահվում պատերազմի ժամանակ հայկական կողմի գերեվարած վարձկան-ահաբեկիչները:
Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ)- Ես որևէ տեղեկություն չունեմ, որ նրանց իրավունքները երբևէ ոտնահարվել են: Հայկական կողմում գտնվող գերիների մասով իրավունքների խախտման դեպքեր չեն եղել:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է գերությունից ազատված տարեց քաղաքացիական անձանց: Այցի մանրամասները չեն հրապարակվում:
Հայաստանը, Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, շարունակում է ջանքեր ներդնել գերիների փոխանակման հարցը արագացնելու համար: Գործընթացին, փաստահավաք առաքելությամբ, աջակցում են Հայաստանի և Արցախի ՄԻՊ-ը: