Ներկայում Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիկերը մոտ 20 տարի առաջ` Ֆլորիդայի Քի Վեսթ բնակավայրում արցախյան կարգավորման բանակցությունների ժամանակ արդեն աշխատում էր պետքարտուղարության համակարգում։
Ֆիլիպ Ռիկեր (ԱՄՆ պետքարտուղարի օգնական) - 2001 թ. Քի Վեսթում մենք իրոք կարծում էինք, որ գրեթե հասել ենք կարգավորման։ Պարզվեց՝ անհիմն։ Տասնամյակներ անց փորձերը նույնպես չարդարացան։
Ռիկերն ամերիկացի օրենսդիրների հետ զրույցում հավաստեց, որ հետևում էր Արցախյան պատերազմին, շարունակում է համարել, որ ռազմական լուծում չի կարող լինել։ Որ կրակը դադարեցվել է՝ Վաշինգտոնը ողջունում է, բայց իրավիճակի հետ կապված պետքարտուղարությունը հարցեր ունի։ Հատկապես շեշտեց Թուրքիայի մասին։
Ֆիլիպ Ռիկեր - Շատ մտահոգ էինք ու հայտնել ենք մեր մտահոգությունները՝ կապված Թուրքիայի դերի, օտար զինյալներ բերելու և զենք տրամադրելու առնչությամբ։ Սրանք շարունակում են մտահոգիչ փաստեր լինել, ու Թուրքիայի և, իհարկե, նաև Ռուսաստանի հետ մեր երկխոսության մասն են կազմում։
Բարձրաստիճան դիվանագետը խոսեց ԵԱՀԿ դերը կրկին ակտիվացնելու անհրաժեշտության մասին։ Առաջիկայում Մինսկի խմբի համանախագահները գալու են տարածաշրջան։
Ֆիլիպ Ռիկեր - Մենք միջոցներ ենք հատկացնում՝ փորձելով օգնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին վերանորոգման և մարդասիրական օգնության համար։ Առաջ շարժելով՝ Հելսինկյան գրասենյակի հետ այս նպատակով շարունակելու ենք կապ պահել։
Գերիների թեմայով առարկայական անդրադարձ չեղավ, Ռիկերը, սակայն, շեշտում է, որ կրակի դադարեցումից հետո դեռ շատ անելիքներ կան։