Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը նշել է, որ պաշտպանական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծումը, վերակառուցումն ու դրանց շահագործումն առաջնահերթ խնդիրներից են, և դրանց լուծման համար համապատասխան քանակի շինարարական տեխնիկայի և ֆինանսական միջոցների ժամանակին հատկացումը կառավարության ուշադրության կենտրոնում է:
Ներկայացված ծրագրերի ծավալն ու ժամանակացույցը քննարկելուց հետո նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել:
Հատուկ անդրադարձ է եղել հայկական բնակավայրերի` ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնվելու հետևանքով առանց կացարանների մնացած զինվորականների և պահեստազորայինների բնակարանային խնդիրներն արագացված ընթացակարգով լուծելու հարցին: