Այս տարվա վերջին քառօրյայում խորհրդարանն իշխող խմբակցության ձայներով ընդունեց 2021-ի պետական բյուջեի նախագիծը, դեմ քվեարկեց «Լուսավորը», «Բարգավաճն» այս նիստին էլ չկար։
«Իմ քայլից» Վարազդատ Կարապետյանի՝ մանդատը վայր դնելուց հետո թափուր է մնացել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Այստեղ խմբակցությունն առաջարկել է Վահե Ղալումյանի թեկնածությունը։ Պատգամավորը վստահեցնում է՝ ոլորտին լավ է տիրապետում, մինչև խորհրդարանում մանդատ ստանալը 4 անգամ Իջևանի ավագանու անդամ է ընտրվել, ապա 1 տարի Տավուշի մարզպետ է աշխատել։
ԱԺ օրակարգում այսօր ևս երկու ընտրության հարց կար։ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում իշխող մեծամասնությունն առաջադրել էր Կարեն Առուստամյանի թեկնածությունը։ Պատգամավոր Արման Բաբաջանյանը հարցնում է՝ վերջին 9 ամսում, լինելով պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար, ի՞նչ խախտումներ է նա բացահայտել։ Առուստամյանը պատասխանում է՝ իր աշխատանքի արդյունքում 4 քրեական գործ է հարուցվել՝ երկուսը՝ էներգետիկ, մյուսները՝ պաշտպանական ոլորտին վերաբերող։
Պալատի անդամի թեկնածուն վստահ է՝ կարիք կա, որ իրենք նոր թափ հաղորդեն հակակոռուպցիոն պայքարին և ավելի շատ բացահայտումներ փոխանցեն դատախազությանը։ Սա համատեղ աշխատանք է՝ նշեց Առուստամյանը։ Վերջին՝ երրորդ ընտրությունն էլ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր հաստիքը լրացնելու համար էր։ Թեկնածուն Դավիթ Նահապետյանն է։ Պատգամավոր Հայկ Գևորգյանը հետաքրքրվում է՝ ինչ կարծիքի է, ինչու է արժեզրկվում դրամը։
Դոլարն ու եվրոն թեև աճում են, Նահապետյանը իրավիճակը կառավարելի է որակում, ասում՝ գլխավոր դրամատան գործառույթը գների ու ֆինանսական կայունությունն է, եկող երեքշաբթի վերջնական վերլուծությունը կտրվի ու անհրաժեշտության դեպքում բանկը իր գործիքակազմը կկիրառի։
Արտարժույթի շուկայի տատանումները նաև որոշ ապրանքների գների վրա են ազդել, թանկացումներ են նկատվել։ Արուսյակ Ջուլհակյանը թեկնածուց հետաքրքրվում է՝ արդյոք կարո՞ղ է գնաճը դուրս գալ կառավարելի սահմաններից։ Նահապետյանը կանխատեսում է՝ գնաճը կառավարելի է, տարվա կտրվածքով այն կկազմի մոտ 2 տոկոս։
Թեկնածուն նաև նշեց՝ գլխավոր դրամատունն այժմ աշխատում է կառավարության հետ պատերազմից հետո վարկային շուկայի խնդիրները լուծելու համար։ Բանկերն արդեն լուրջ զիջումների են գնացել, բայց բեռը միայն բանկի վրա թողնել չի կարելի։ Թեկնածուների քննարկումից հետ փակ, գաղտնի քվեարկությամբ Դավիթ Նահապետյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ, բայց հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը այդպես էլ թափուր մնաց, պատգամավորները Կարեն Առուստամյանին չընտրեցին այս պաշտոնում։