Թուրքիան ու Ադրբեջանը հերքում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին ռազմական գործողություններում սիրիացի վարձկանների օգտագործումը: Չորս վարձկանները BBC-ին հայտնել էին, որ իրենց վարձել էին Ադրբեջանում անցակետում ծառայելու համար, սակայն նրանք անսպասելիորեն հայտնվել են առաջնագծում:
Լավ վճարվող աշխատանքի մասին լուրերը Սիրիայի հյուսիսային շրջաններում սկսեցին շրջանառվել դեռևս այս տարվա օգոստոսից:
Սիրիացի վարձկաններից մեկը բրիտանական պարբերականին պատմել է, որ Ադրբեջանում զինվորական անցակետում լավ աշխատանքի մասին ինքը տեղեկացել է ընկերոջից:
Նրանց հայտնել են, որ իրենք պետք է ստանձնեն Ադրբեջանի սահմանին խաղաղապահի առաքելությունը՝ առաջարկելով ամսական 2 հազար դոլար, ինչը մեծ երջանկություն էր նրանց համար:
Սիրիացի վարձկանները թուրքամետ Սիրիայի ազգային բանակի զինյալներն են, որոնք կռվում են Սիրիայի կառավարական ուժերի դեմ:
Վարձկաններից մեկի հավաստմամբ՝ արաբական երկրում շատերն օրական 1 դոլար են վաստակում, և նման բարձր աշխատավարձը նրանց համար Աստծո պարգև էր: Թուրքիայով թուրքական ռազմատրանսպորտային օդանավով Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկանների թիվը հաշվվում էր 1500-2000:
Վարձկանները պատմում են, որ աշխատանքն իրենց պատկերացածը չէր, նրանցից շատերը զինվորական գործի փորձառություն չունեին և պետք է մասնակցեին պատերազմին: Այդ մասին հասկացան, երբ իրենց տեղափոխել են առաջնագիծ ու հրամայել կռվել:
«Ես հույս չունեի, որ ողջ կմնամ: Ողջ մնալու հավանականությունը մեկ տոկոս էր: Մահն ամենուր էր»,-պատմել է սիրիացի վարձկանը: