Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ամբողջությամբ պահպանվում է: Այս մասին հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպյոլկինը: Փոխանցում է TACC գործակալությունը։
«Խաղաղապահ գործողության անցկացման գոտում իրավիճակը հանգիստ է։ Հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել: Խաղաղապահ զորախումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վերահսկողություն է իրականացնում»,- հայտնել է նա։
Պերեպյոլկինը նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հրադադարի ռեժիմի հսկողությունն իրականացնում են 23 դիտակետում: Շփման գծում և Լաչինի միջանցքում իրականացվում է պարեկություն, ապահովվում է քաղաքացիական բնակչության տեղաշարժի անվտանգությունը:
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել տեղահանվածների վերադարձն իրենց բնակավայրեր, հումանիտար օգնություն են ցուցաբեում նրանց, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 36 000 մարդ։