ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն ձեռք բերված տնտեսական ապաշրջափակման վերաբերյալ մասին «Լուրերի» հարցին, ասել է.
«Նոյեմբերի 9-ի՝ երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային բոլոր կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների երկկողմ անխափան տեղաշարժի նպատակով:
Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ապահովել նոր տրանսպորտային հաղորդակցության շինարարությունը, որը Նախիջևանը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Տնտեսական կապերի ապաշրջափակումն ու նոր հաղորդակցությունների շինարարությունը երկարատև գործընթաց է, որում անհրաժեշտ է ընդգրկել մասնագիտացված տարբեր կառույցներ: Գլխավոր հարցերն էլ պետք է լուծեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, որոնք ձևավորել են արձագանքման հատուկ մեխանիզմներ»,- ասել է Մարիա Զախարովան:
Նա նաև նշել է, որ ռուս մասնագետները նախնական զննության են ենթարկել Նախիջևանի և Հայաստանի սահմանամերձ երկաթուղիների վիճակը: