Դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
ԱԳ նախարարը և գլխավոր քարտուղարն անդրադարձել են COVID-19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, համավարակի հետևանքով ֆրանկոֆոն տարածքում առաջ եկած մարտահրավերներին:
Նախարար Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյին համապարփակ կերպով ներկայացրել է Հայաստանի և Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով գոյացած հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Արա Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյի ուշադրությունը հրավիրել է պատերազմում Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության վրա` նշելով, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար։
Օգտվելով առիթից՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հստակ դիրքորոշման համար։