54 օր բուժվելուց հետո «Շենգավիթ» բուժկենտրոնից դուրս է գրվում վիրավոր վերջին զինծառայողը: Սերգեյ Մովսիսյանն Արցախում 18 օր պայքարել է: Հրետանավորը հոկտեմբերի 14-ին ծանր վիրավորվել է, վիրահատվել Ստեփանակերտում ու տեղափոխվել Երևան:
Սերգեյ Մովսիսյան (Արցախյան պատերազմի մասնակից)- Ոտքերս փաթաթել են, որ չարյունահոսի, մինչև շտապօգնությունը եկավ: Անընդհատ օդից գցում էին, այդ պահին այդ տղան մի կերպ եկավ, ինձ հանեց:
Պաշտպանել է Մատաղիսը, կորցրել՝ ջերմուկցի ընկերոջը: Մահն աչքի առաջ կռվել են մինչև վերջ՝ հաղթանակի հավատով:
Սերգեյ Մովսիսյան- Մեր հաշվարկը միայն երկու տանկ է խփել: Մերոնք շատ ուժեղ էին, եթե դեմ դիմաց լիներ, մենք հաստատ կհաղթեինք:
Եղբայրներից կրտսերն ամենաուշադիրն է լսում եղբոր պատմությունը: Կռվից հետո որոշումը չի փոխել, հիմա ավելի շատ է ուզում դառնալ փրկարար:
Վահե Մովսիսյան (Սերգեյ Մովսիսյանի եղբայրը)- Շատ եմ լսել, որ ինքը հերոս է:
Ավելին ասել Վահեն չկարողացավ, ուրախ է, որ եղբայրը տուն է վերադառնում: Վիրահատություններ, բժշկական կոնսիլիումներ. զինծառայողի կյանքը փրկած բժիշկները պայքարել են, որ պահպանվի Սերգեյի վիրավոր ոտքը, բայց այն փրկել չհաջողվեց:
Սերգո Սեդրակյան («Շենգավիթ» ԲԿ վիրաբույժ)- Մեր զինվորների ոգին ամեն րոպե փշաքաղվելու չափ զարմացնում էր: Ասում էին՝ մեզ ոտքի կանգնեցրեք, գնանք տղաների մոտ:
Հիվանդանոցի բժիշկների մի մասն Արցախում համալրել էր «սպիտակ բանակի» շարքերը, մի մասը պայքարում էր Երևանում ծանր վիրավորների կյանքը փրկելու համար: Այստեղ տեղափոխված վիրավոր շատ զինծառայողներ եղել են արհեստական շնչառության տակ, բոլորն ապաքինվել են:
Ալեքսանդր Ուռումյան («Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն)- Կանցնեն վերականգնողական բուժում: «Շենգավիթ» բուժկենտրոնից բոլոր դուրս գրված զինվորների առողջական վիճակը բավարար է, ուրախ ենք, որ զինվորի մահ չենք ունեցել:
Սերգեյ Մովսիսյանը շատ նպատակներ ունի: Կգնա իր գյուղ. Մալիշկան անհամբեր սպասում է իր հերոսին:
Լիանա Կոստանյան (Սերգեյ Մովսիսյանի մայրը)- Հավատում էի, որ վերականգնվելու է բժիշկների օգնությամբ: Իրենք երկրորդ կյանք են տվել:
Վիրավոր վերջին զինվորին բուժկենտրոնն ուրախությամբ տուն է ճանապարհում արդեն առանց արցունքների: