Ազգային ժողովում 2021-ի բյուջեի նախագծի քննարկմանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ պարգևավճարների հարցին:
Նախարարն ասաց, որ պետական կառավարման համակարգում պետական պաշտոններ և պետական ծառայություն զբաղեցնող անձանց վարձատրությունը կարգավորվում է օրենքով: Կան վարձատրության տարբեր կատեգորիաներ՝ հիմնական աշխատավարձ, հավելավճարներ, պարգևատրումներ: Ընդգծեց, որ հիմնական աշխատավարձի համար սահմանված է սանդղակ:
«Կրտսեր դասի, գործնականում որևէ փորձառություն չունեցող քաղաքացիական ծառայողի համար սահմանված է 1.25 գործակից, նախարարի համար՝ 12: Միշտ կարելի է քննարկել և քննադատել, թե արդյոք բավարար չափով համարժե՞ք է օրենքը կարգավորում վարձատրության համակարգը: Օրենքով նաև սահմանված է, որ քաղաքացիական ծառայողների համար յուրաքանչյուր տարի պետք է նախատեսվի 10 տոկոս պարգևատրման ֆոնդ: Այն հաշվարկվում է տվյալ տարվա համար 10 տոկոս աշխատավարձի ֆոնդից»,- ասաց Ջանջուղազյանը:
Նա պարզաբանեց, թե ինչ է փոխվել պարգևավճարների առումով վերջին 2.5 տարում: «Օրինակ՝ նախկինում ոստիկանությունն ուներ արտաբյուջետային հաշիվ, և այն գոյանում էր, ենթադրենք, ճանապարհային ոստիկանության դեպքում արձանագրված խախտումների գումարներից: Ներկայումս այդ արձանագրված խախտումներն ամբողջությամբ պետական բյուջեի մուտքեր են և փոխարենը ոստիկանության համար պարգևավճար նախատեսված է այն չափով, որքանով անհրաժեշտ է, որ նույն ճանապարհային ոստիկանության ծառայողի բարեկեցության աստիճանը կախված լինի արձանագրված խախտումներից»,- ասաց Ջանջուղազյանը: