Հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվել է՝ 2021-ի հունվարի մեկի փոխարեն դարձել է մինչև 2022-ի հունվարի մեկը: Առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց Քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտերի օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով:
Քաղաքացիներն ավելի կարճ ժամկետում կկարողանան գրանցել ամուսնությունը, փոխել անունը: Առաջին ընթերցմամբ ընդունված քաղաքացիական կացության ակտերի գրանցման օրենքի նախագծով կրճատվում է ամուսնության գրանցումների ժամկետը: Այժմ այն կատարվում է դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամսում: Սահմանվել է՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ: Կրճատվել են նաև անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձել է 15 օր:
Անձնական մեքենայում վարելու ժամանակ ծխելու համար տուգանային միավոր կիրառելու նախագիծը ևս ընդունվեց: Կառավարության ներկայացրած նախագծով սահմանվում է՝ վարորդի կողմից ծխախոտային արտադրատեսակի կամ փոխարինիչների օգտագործումը սահմանում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, և տուգանային 1 միավորի կիրառում:
Որոշ հանցագործությունների համար դատապարտվածները կկարողանան աշխատել քննչական կոմիտեում: Օրինագիծն ընդունվեց միաձայն: Սա չի տարածվի դիտավորությամբ հանցագործություն կատարածների վրա: