Ի՞նչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցը Գյումրի և Վանաձոր քաղաքների տնտեսվարողների մոտ։
Դիմակ չկրելու դեպքեր, հեռավար ջերմաչափների և գրանցամատյանների բացակայություն, թերացումներ մանրէազերծման գործընթացում. նման խախտումներ են արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում ստուգայցերի ժամանակ։
Տեսչական մարմնի մասնագետները ուշադրության են առել սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը բուժհիմնարկներում, պոլիկլինիկաներում, դեղատներում, դպրոցներում, վարսավիրանոցներում և առևտրի կետերում։
ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ հիմնականում եղել են արագ շտկման ենթակա թերացումներ, որոնց մասին տնտեսվարողները զգուշացվել են, որոշ դեպքերում տրամադրվել են նաև գրանցամատյանների ձևաչափեր։
Տնտեսվարողների մոտ դիտարկվել են նաև ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը։
Ստուգայցերի վիճակագրությունը հաստատում է՝ անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ առավել բարեխղճորեն են պահպանվում։
Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։