ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին՝ կա՞ արդյոք վերականգնողական բժշկության համար անհրաժեշտ ֆինանսավորում՝ պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած տղաների առողջապահական խնդիրները լուծելու համար, ասաց 2021 թ. պետական բյուջեում այդ գծով ավելացում դեռ չկա, բայց կան հաշվարկներ:
«Մենք ունենք արդեն հաշվարկներ: Այդ թիվը մոտավորապես 2.8 միլիարդ դրամ է: Կառավարությունում քննարկումների արդյունքում որոշվել է ներառել առաջնահերթությունների ցանկում և տարվա սկզբում այլ առաջնահերթություններ վերանայելու արդյունքում տեղափոխել առողջապահության հատված, որ կարողանանք ծավալն ամբողջությամբ ծածկել»,- պարզաբանեց նախարարը:
Իսկ մինչ հատկացումը վերականգնողական ծառայությունները մատուցվում են թողունակության ծավալին համապատասխան, և դադարեցում գումարներ չլինելու պատճառով տեղի չի ունենա: Նախարարը նշեց, որ շուտով հայտնի կդառնա վերականգնողական նոր կենտրոնի բացման մասին:
«Որորտն ունի ինստիտուցիոնալ համակարգման խնդիր, ինչի կապակցությամբ էլ մշակում ենք «Վերականգնողական ազգային ծրագիր» անունով փաստաթուղթ, որի ընդհանուր համակարգումը կապահովի այդ ծառայությունները՝ անկախ նաև այս ռազմական գործողություններից՝ ներառելով կենտրոնական խոշոր ծառայությունների, մարզային ծառայությունների»,- նշեց Թորոսյանը: