Խորհրդարանի աշխատանքին զուգահեռ շենքի տարածքում բողոքի ակցիա էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր՝ ժամը 16:00-ից երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք: Քաղաքական ուժերը պնդում են, որ այս պայքարն իշխանության համար չէ, այլ հանուն փրկության: Հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց:
Հանրահավաքի մասնակիցները նախ քայլերթով՝ մի խումբը՝ Կասյանից, մյուսը՝ Մաշտոցի պողոտայից, շարժվել են դեպի խորհրդարանի շենք, որպեսզի վարչապետը չկարողանա մասնակցել Ազգային ժողովի հարց ու պատասխանին: Արծվիկ Մինասյանն ասում է՝ իրենց պայքարը արժանապատվության համար է, և որ հայրենադավությունը չի ներվելու:
Արծվիկ Մինասյան (ՀՅԴ ԳՄ անդամ) - Մենք պահանջում ենք ԱԺ բոլոր պատգամավորներից՝ ներառյալ մեր գործընկերներից, պաշտոնանկ անել Փաշինյանին, չթողնել այս շենքից դուրս գա այնքան ժամանակ, քանի դեռ չի ներկայացրել նրա պաշտոնանկության բոլոր հիմքերը:
Քաղաքական ուժերը հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց: Հանրապետական Էդուարդ Շարմազանովն ասում է՝ կապիտուլյացիա ստորագրած երկրի ղեկավարը չպետք է պաշտոնավարի։
Էդուարդ Շարմազանով (ՀՀԿ ԳՄ անդամ) - Այստեղ բան չունենք քննարկելու: Մարդ, ով պարտվել է, մարդ, ով ծնկի է եկել, անելիք չունի: Սա արժանապատվության հարց է: Սա քաղաքական հարց չէ: Նիկոլը պետք է հեռանա և վերջ:
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն էլ վստահեցնում է՝ անելու են հնարավոր ամեն բան, որ մինչև տարեվերջ վարչապետը հրաժարական տա։ Ասում են՝ իրենց շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։
Արթուր Վանեցյան («Հայրենիք» կուսակցության նախագահ) - Մարդ, ով 2.5 տարի առաջ այստեղ պայքարում էր ոստիկանների հետ, ասում էր՝ ոստիկաններ, մի պաշտպանեք իշխանություններին, այլ անցեք ժողովրդի կողմը: Այս մարդը ասում էր, որ նա երբեք չի բաժանելու իրեն և ժողովրդին ոստիկանական պատնեշով: Այսօր դուք տեսնում եք քանի հազար ոստիկաններ մահակներով և հատուկ հանդերձանքով եկել են և փորձում են պաշտպանել Նիկոլին իր սեփական ժողովրդից:
Վանեցյանն ասում է՝ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի է ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով։ Իրենք զերծ են պահելու Հայաստանը նոր ցնցումներից և ողջամիտ ժամկետում երաշխավորելու են ազատ ու արդար ընտրության իրավունքը։