ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե երեկ հայտնի է դարձել, որ մանդատը վայր է դնելու գործադիրում աշխատանքի անցնելու համար, արդյո՞ք հայտնի է՝ ինչ պաշտոն է զբաղեցնելու, ասաց՝ այս պահին դեռ քննարկման փուլում է:
Հարցին ի պատասխան, թե մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկ եղե՞լ է, ասաց, որ տարբեր հարցեր են քննարկվել: Նշեց նաև, որ գործադիր տեղափոխվելու առաջարկն իր կողմից չի եղել, այլ իրենց քաղաքական թիմի որոշմամբ:
Դիտարկմանը, թե նոյեմբերի 10-ից հետո իր որոշ գործընկերներ մանդատը վայր դրեցին կամ դուրս եկան խմբակցությունից, արդյոք ինքն այդ մասին չի մտածել, ասաց.
«Ես չեմ պատրաստվում լքել մեր քաղաքական թիմը, որովհետև այս պահին դա չեմ գտնում ճիշտ, և ովքեր որ լքել են քաղաքական թիմը, ինձ համար անընդունելի է: Մենք միասին ենք եկել և բոլոր խնդիրները պետք է պատրաստ լինեինք միասին լուծելու»,- ասաց պատգամավորը: