2021-ի հունվարից հանրակրթական ուսումնական հաստատություններում հետազոտություններ կսկսվեն: Ուսուցիչն է թերանում, գրքերը լավը չեն թե գույքային պայմանները՝ տեղական ու միջազգային մասնագետներից կազմված խումբը կպարզի մեկ տարվա ընթացքում: Ծրագիրն իրականացվելու է Կրթության միջազգային գործընկերության ֆինանսավորմամբ: Այն կկազմի ավելի քան կես միլիոն դոլար: Երեկ է լուրը ստացվել, որ Հայաստանը դարձել է կրթության միջազգային գործընկերության անդամ:
Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Դա հնարավորություն է տալու մեզ առաջիկա մեկ տարում իրականացնել հանրակրթության ոլորտում տարբեր հետազոտություններ, ինչը վերաբերում է, դիցուք, դպրոցների կառավարմանը, գիտելիքի գնահատմանը, ուսուցիչների վերապատրաստմանը և պատրաստմանը և այլ կարևոր հարցերի, այդ թվում նաև շենքագույքային պայմաններին:
Ի՞նչ ենք սովորեցնում երեխաներին, և ի՚նչ վերջնարդյունքներ ենք ուզում սահմանել. հիմնականում սրա վրա ենք կենտրոնանալու,- ասում է փոխնախարարը:
Արթուր Մարտիրոսյան - Ամենակարևորը՝ ստեղծվում է տեղական կրթական խումբ, և այդ ԼԻՋ կոչվածը ներառում է կրթության տարբեր շահակիցներ: Մեր պարագայում այդտեղ են և՛ տարբեր ՀԿ-ներ, նաև ուսուցիչների միություններ, նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են կրթությամբ, նաև միջազգային կազմակերպություններ:
Հետազոտությունների շրջանակում հաշվի են առնելու նաև ծնողի ու աշակերտի կարծիքը, թե նրանց տեսանկյունից՝ որտե՞ղ է թերանում դպրոցը: Խնդիրների բացահայտումից հետո արդեն դրանց լուծման համար մեր երկրի կրթական գերատեսչությունը կդիմի Կրթության միջազգային գործընկերությանը՝ 5 մլն դոլար արժողությամբ ծրագրի շահառու դառնալու համար: