ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական առաջնորդները հրաժարվել են ընդունել բանաձև, որով դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը ճանաչվում է երկրի նորընտիր նախագահ՝ հաղորդում է CNN-ը:
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Սթենի Հոյերն առաջարկել է այս բանաձևն ընդունել ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնելու հարցով Կոնգրեսի միացյալ կոմիտեի նիստում: Կոմիտեի կազմում ընդգրկված են դեմոկրատներ և հանրապետականներ:
Այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները դեմ են քվեարկել Հոյերի առաջարկին: Մասնավորապես, դեմ են եղել Սենատի հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը, հանձնաժողովի նախագահ Ռոյ Բլանթը և Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության ղեկավար Քեվին Մաքքարթին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսում երկրի ներկա նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի կուսակցության 249 անդամից 25-ը ճանաչել է նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հաղթանակը: Միաժամանակ, երկուսն ասել են, որ Թրամփին համարում են հաղթող, մինչդեռ մնացած 222-ը հստակ չեն պատասխանել: