ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հերքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հայտարարությունը, թե խորհրդարանի երեկվա փակ նիստում ինքն ասել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում:
«Այն հոլովակներից հետո, որ պտտվում են մեր գերիների մասով, երևակայությունից դուրս է, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր ասեր, որ մեր գերիներին լավ են վերաբերվում: Այս վերագրումը չի կարող հիմք ունենալ»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով՝ նիստի ընթացքում ինքն իրականությանը չհամապատասխանող է համարել Էդմոն Մարուքյանի պնդումը, թե Ադրբեջանում պատրաստվում են շքերթի ընթացքում քայլեցնել հայ գերիներին, ինչից հետո էլ Մարուքյանն իրեն անվանել է «թրքասեր» և «ադրբեջանասեր»:
Անի Սամսոնյանը ճեպազրույցի ժամանակ ասաց՝ Կարապետյանը երեկ խորհրդարանի փակ նիստի ժամանակ այն պատգամավորներից է եղել, որ նշել է՝ ընդդիմադիրները քաղաքական դիվիդենտներ են շահում ռազմագերիների հարցի քննարկումից:
«Փակ հանդիպման ժամանակ տիկին Կարապետյանը մեզ հետ կռիվ էր անում՝ մասնավորապես պարոն Մարուքյանի հետ, թե մենք ինչու են բարձրաձայնել այն մտայնության մասին, որ Ադրբեջանում մեր ռազմագերիներին կարող են ցույց տալ: Մեր հարցմանը՝ թե չե՞ք տեսնում, թե ինչ վերաբերմունք են ցույց տալիս մեր ռազմագերիներին, տիկին Կարապետյանը որևէ արձագանք չի տվել: Նրա ասածն այն էր, որ մեր գերիներին Ադրբեջանում վատ չեն վերաբերում: Մեր պատասխանը ենթադրում էր, որ նա կասի, այո՛, վատ են վերաբերվում, բայց նա դա չասաց»,- ասաց Սամսոնյանը:
Լրագրողի ճշգրտող դիտարկմանը, թե ստացվում է, որ Կարապետյանը բառացիորեն չի ասել նման բան, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներին լավ են վերաբերվում, ի պատասխան՝ Սամսոնյանը նշեց, որ Կարապետյանին խորհուրդ են տվել տեսանյութերը դիտել, իսկ պատգամավորը շարունակել է կռիվ անել: