Տիկին Նուշիկի ձեռքին Հադրութից մնացած վերջին իրն է, կյանքի վավերագրությունը: Այստեղ միայն երջանիկ պահեր են, որդին Է՝ Գարեգինը, 2 թոռները՝ Դավիթն ու Վազգենը: Օրեր առաջ դեռ Հադրութի շրջանի իրենց պապական գյուղում էին: Քյուրաթաղում հավաքվել, բանակային որդու ծնունդն էին նշում: Դավիթը տուն էր եկել մեկ օրով: Սեպտեմբերի 26-ը վերջին օրն էր, երբ սեղանի շուրջ միասին էին: Ժամեր անց ռումբի ձայնը խլացրեց ուրախությունը:
Նուշիկ Ղարայան - Առավոտ 7:30-ին կռիվը սկսվել էր: Էդ դրմբոցը որ գյուղում էղավ... Դավիթը էս վիճակում ասում ա՝ ես, ախր, ինչի՞ պետք ա ստեղ լինեմ: Տղաս ավտոյով էկավ, ավտոյի մոտ շորերը փոխեցին, ու տարավ Դավիթին: էկավ, ու կեսօրին էլ՝ ինքն ու Վազգենը:
Տան տղամարդկանց հետ ընտանիքը պատերազմի առաջին մի քանի օրը կապ ունեցել է: Պատմում է, որ որդուն համոզել է չգնալ... Հայրենիքին նվիրած 20 տարիները մայրը բավարար է համարել, սակայն որդին էլ իր որդուն չուզեց մենակ թողնել:
Նուշիկ Ղարայան - Ասաց, որ Վազգենս գնում ա, ես ինչի՚ մնամ։ Գնացին դեպի Հադրութ: Ասում են՝ Գարիկը արդեն գիտեր, որ տղան զոհվել ա, բայց մենք մտածում էինք՝ գուցե սուտ ա, գուցե վիրավոր ա, գուցե մի բան կլինի, բայց՝ ոչ մի բան:
Տիկին Նուշիկը Եռաբլուրում որդու մոտ աղոթելիս հույսը չի կորցնում, որ թոռներին կգտնեն:
Նուշիկ Ղարայան - Ասել են, որ 2 «Ուրալով» են եղել: Մենակ ասել են՝ չէ, գուցե փախած, անտառներում են: Հիմա որ ասում են, մտածում ենք, որ մի լույս կծագի։ Արդեն սկսել են դիակներ բերել, ասում են՝ գերիներ էլ կան:
Չկա Քյուրաթաղ գյուղի տունը, չկա Հադրութի տունը։ Տիկին Նուշիկն ասում է՝ ամենավատ երազում անգամ չէր պատկերացնի, որ կորուստն այսքան մեծ կլինի:
Հարսն ու թոռը, հարազատները հոգատար մարդկանց շնորհիվ այսօր կեցության խնդիր չունեն: Այս ընտանիքը միակը չէ, որի կողքին կանգնած է «Ապագան հիմա է» կազմակերպությունը: 5 կացարանում 200-ից ավելի արցախցի, արդեն 45 օր է նրանց հովանու տակ են:
Ստեփան Ավագյան («Ապագան հիմա է» ՀԿ նախագահ) - Իհարկե, շարժ տեղի ունեցավ, ավարտից հետո մարդկանց մի մասը վերադարձավ Արցախ, հիմա մնում են մարդիկ, որոնք գնալու տեղ չունեն:
Տիկին Նուշիկը որքան էլ, հողին կարոտ է, Արցախ չի ուզում մեկնել: Տարիների իմաստնության ու վշտի դրոշմը կապել են ոտքերը: Հիմա անմահների բարձունքն է դարձել ամենահարազատ վայրը:
Նուշիկ Ղարայան - Միանգամից մի տնից երեքը... Հիմա ես ո՞նց ասեմ՝ երեխեքը գնան Ստեփանակերտ: Երեխեքը թողած ստեղ, գնամ Ստեփանակերտ, որ տարին մի անգամ էլ չկարենա՞մ գամ երեխուս գերեզմանը:
Նույն շենքում մեծ թոռան՝ Վազգենի հարսնացուն է ապրում: Ամիսներ առաջ էին մատանի դրել՝ աշնանը հարսանիք անելու սպասումով: Ադելինայի ընտանիքն էլ է այս կացարանում՝ վերևի հարկում: Հիմա նա այլ սենյակում թաց աչքերը սրբում ու սիրելիից լուրի է սպասում: