Կրթական գերատեսչությունը պարզաբանել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը: Հիշեցնենք՝ կրթագիտական հանրույթը բացասական է արձագանքել առաջարկվող փոփոխություններին։
Կրթական գերատեսչության պատասխանատուներն ասում են, որ օրենքը շուրջ 5 տարվա պատմություն ունի, հիմա են որոշել ԱԺ ուղարկել, քանի որ ոլորտի կարգավորումները դարձել են հրատապ:
Բուհերում կարծում են, որ վտանգի տակ է դրվում բարձրագույն կրթական հաստատությունների ինքնավարությունը: Նախարարի խորհրդականն էլ հակադարձում է՝ ուշացած է նախագիծը, պետք է մտածել հիմքերի ստեղծման մասին:
Սամվել Կարաբեկյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական) - «Գիտական հաստատությունը որպես ինստիտուտ բավականաչափ ինքնավար է, սակայն մենք չենք տեսնում այդ ինքնավարության տարածումը հաստատությունների ներսում: Բազմաթիվ օրինակներ կան, որ, ըստ էության, բուհի ներսում այն, ինչ կոչվում է ակադեմիական ազատություն, այն իրավունքները, որոնք տրված են հիմա բուհերին, չեն տարածվում բուհերի ներքին ենթակառուցվածքների, անհատ դասախոսների կամ հետազոտողների վրա»:
Ռոբերտ Սուքիասյան (ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ) - Արդյոք օրենքն ամբողջությամբ ապահովո՞ւմ է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը. ես կասեմ, որ ոչ, այն 100 տոկոսով չի ապահովում, բայց եթե համեմատենք գործող օրենքի հետ, դա նաև մի շարք դրույթներ ունի, որ մի քանի քայլ առաջ են տանում դեպի ակադեմիական, բուհական ինքնավարություն: