Հաջորդ տարվա տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է: Նախապես կանխատեսված 4.8-ի փոխարեն սպասվում է 3.2 տոկոս աճ: Վերանայվել է նաև ՀՆԱ-ի չափը, որն էլ իր ազդեցությունն է ունեցել հարկային եկամուտների, բյուջեի պակասուրդի վրա:
Ատոմ Ջանջուղազյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Այնպես չէ, որ այդ 3.2 տոկոսն ամենահեշտ սպասվող կամ որևէ ջանք չպահանջող տնտեսական արդյունքն է, այն ենթադրում է քրտնաջան աշխատանք:
2021-ին սպասվում է համախառն ներքին արդյունքի 5,3 տոկոս դեֆիցիտ։ Դա պետք է ֆինանսավորվի փոխառու միջոցների ներգրավմամբ։ Ռիսկեր թեև կան, բայց նախարարը վստահ է՝ ներդրողները խոհեմ կլինեն: Հնարավորություն կլինի ներգրավել այնքան պարտք, որքան անհրաժեշտ է: Բայց դա չի մեծացնի պետական պարտքի բեռը:
Ատոմ Ջանջուղազյան - Այդ հանգամանքով պայմանավորված՝ նախատեսվող պարտքը ենթադրվում է, որ 210 մլրդ դրամի չափով կներգրավվի ներքին աղբյուրներից, իսկ մնացածը՝ արտաքին աղբյուրներից, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել արտաքին հատվածում հնարավոր ռիսկը:
Անհրաժեշտության դեպքում 2021-ի բյուջեում ռազմական ծախսերի գծով գործադիրը փոփոխություններ կանի: Երբ հստակ լինեն ռազմական ծախսերը, կշարժվեն բյուջետային գործընթացի տրամաբանությամբ:
Ատոմ Ջանջուղազյան - Եթե անհրաժեշտ լինի, ապա կառավարությունը, ինչպես 2020-ին, այնպես էլ 2021-ին կնախաձեռնի բյուջեում փոփոխություններ, իսկ եթե դրա անհրաժեշտությունը չլինի, և կառավարությունը կկարողանա իր լիազորությունների շրջանակում իրականացնել, ապա կիրականացնի իր լիազորությունների շրջանակում:
Մինչև երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին անդրադառնալը, ֆինանսների նախարարը անդրադարձավ պատերազմի օրերին համահայկական հիմնադրամին նվիրաբերած գումարի մի մասը պետական բյուջե փոխանցելու հարցին։ Դա արվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ: Փոխանցել են պատերազմի օրերին ենթակառուցվածքների, սոցիալական ու առողջապահական ծախսերի համար։ Նախարարը նշեց՝ իրենք արդեն ներկայացրել են ծախսերի հաշվետվությունը, պատրաստ են ավելի մանրամասնել, եթե պատգամավորները դրա կարիքը տեսնեն։
Այս տարվա վերջին քառօրյային Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց՝ բյուջեի կատարման հաշվետվությունը թափանցիկ և հրապարակային է: Եթե անորոշություն կա, պատրաստ է նորից պատասխանել՝ ինչի համար են օգտագործվել բյուջեի միջոցները: