Հայաստան-Արցախ՝ քրիստոնեության կղզի: Այսպես է հայկական երկու պետությունն անվանել աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեն: Արցախ այցը երգչուհու վերջին ուխտագնացությունն էր, տպավորությունները պահանջեցին հայերեն երգեր ունենալ:
Իսկ Կաբալյեի հիշողությունից բացի աշխարհի ու մարդկանց հիշողություններում այս այցը պահպանելու համար ծրագիր մշակվեց:
Գարիկ Իսրայելյան (Աստղաֆիզիկոս, «Սթարմուս» փառատոնի հիմնադիր տնօրեն) - Այսինքն՝ ձայնագրվի ինչ-որ ձայնասկավառակ, վիդեոներ դրվեն՝ կապված վանքեր այցելության հետ: Եվ այդ պրոյեկտը արվեց Լոնդոնում, Բարսելոնում, Փարիզում, բարձր մակարդակի երաժիշտների հետ: Մասնակցեցին Բրայեն Մեյը՝ Քուինից, Վանգելիսը:
2014-ին քչերին ներկայացվեց ձայնասկավառակը: Փարիզում միջոցառմանը ներկա էր նաև շանսոնյեն՝ Ազնավուրը, որ լսեց հայերեն կատարումները, ասաց՝ Մոնսերատ Կաբալյեին հաջողվել է բացահայտել հայ ժողովրդի ոգին:
Երաժշտության համար սահմաններ չկան, այս թեզը սոպրանոն ապացուցեց 2 անգամ, երբ երգեց «Բարսելոնը» երգը, և երբ ազգությունն ու լեզվի իմացությունը չխանգարեց հայերեն երգ կատարել: «Կռունկ» ու «Չինար ես» կատարումները Հայաստանի ու Արցախի համար էին:
Գարիկ Իսրայելյան - Տեսնելով Հայաստանն ու Արցախը, նրան թվաց, որ սա մի քաղաքակրթության կղզի է, բայց ինքը լինելով հավատացյալ ու քրիստոնյա, և որ այդ ուխտագնացությունը նվիրված էր Քրիստոնության 1700 ամյակին, ինքն անվանեց Քրիստոնեական կղզի:
2020-ին՝ Մոնսերատ Կաբալյեի մահից 2 տարի անց, նրա վերջին ուխտագնացության մասին պատմող սկավառակը կրկին թողարկվեց նրա ու հայերի բարեկամների և «Սթարմուս» փառատոնի ջանքերով:
Կանարյան կղզիներում, ուր դեռ չի հասել կորոնավիրուսը, հարյուրավոր հյուրեր տեսան ու բացահայտեցին Հայաստանն ու Արցախը՝ ոմանք առաջին անգամ:
Գարիկ Իսրայելյան - Բոլորը շատ տպավորված էին , ապշած էին հայկական վանքերի գեղեցկությամբ: Այդտեղ շատ գեղեցիկ նկարահանված է Դադիվանքը, կադրեր կան, որտեղ Մոնսերատ կաբալյեն Շուշիի Ղազանչեցոցի դիմաց է, շատ հուզիչ կադրեր կան:
Հայաստանն ու Արցախը հնարավոր չէ մոռանալ՝ ասում է սոպրանոյի դուստրը՝ Մոնսերատ Մարտին: Դա մոր վերջին ճամփորդությունն էր, վստահ է՝ իրենք էլ կարող են վերադառնալ և նորից երգել այնտեղ:
Մոնսերատ Մարտի (Մոնսերատ Կաբալյեի դուստրը) - Պետք է գնալ քրիստոնեության այդ կղզին, պետք է այնտեղ լինել, պետք է ճանաչել այդ երկիրը, այդ եկեղեցիները: Պետք է ոչ միայն բացահայտել այդ խաղաղության կղզին, որը փորձում են ավերել, այլև կյանք վերադարձնել այնտեղ՝ նաև մայրիկիս անունից:
Խորագիրը Հայաստանն ու Արցախն են, ինչը ստիպում է նաև հիշել վերջին պատերազմը և դրա հետևանքները:
Ջոն Ինյարիտու (Իսպանիայի Սենատի պատգամավոր) - Արցախում մարդասիրական ճգնաժամ է, նրանք փորձում են էթնիկ զտում իրականացնել: Պետք է ընդունել, որ միջազգային հանրությունը, Եվրոպան իրենց բարձրության վրա չեն: Ակնհայտ է, որ Ալիևը, իր դաշնակից Էրդողանի հետ, հաշվարկեց, որ բոլորը զբաղված են՝ ԱՄՆ-ը՝ իր ընտրությամբ, աշխարհը՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սանիտարական ճգնաժամով, և հարձակվեցին մի փոքր ազգի, մի փոքր երկրի՝ խաղաղ բնակչության, քաղաքային ենթակառուցվածքների վրա: Այս պահին պետք է օգնել լուծել մարդասիրական ճգնաժամը՝ յուրաքանչյուրս մեր տեղում և մեր լիազորության շրջանակում:
Սերժ Թանկյան (երաժիշտ, երգահան) - Ես լսել եմ Մոնսերատի հրաշալի երգերը, դրանք այնքան հուզիչ են: Արցախի ճանաչումը շատ կարևոր քայլ է, որ մենք պետք է իրականացնենք տարբեր ազգերի հետ, որովհետև հայերն այնտեղ ապրել են 2500 տարի, ապրում են առանց օրինական կարգավիճակի և առանց օրինական պաշտպանվածության, և ինչպես Ֆրանիսայի Սենատը համարձակ քայլ արեց ճանաչելու Արցախը, նաև Իսպանիայի և Եվրոպայի մյուս երկրների նույնն անելու ժամանակն է:
Հայաստանն այնքան հեռու է ինձնից, բայց նաև այնքան մոտ իմ սրտին: Ուղնուծուծով լինելով քրիստոնյա՝ ես սիրահարվել եմ Արցախին և Հայաստանին: Սրանք Մոնսերատի խոսքերն էին՝ իր վերջին ճամփորդությունից հետո: Սերն արտացոլվում է Կաբալյեի այն նույն ալբոմում, որը շուտով ամբողջ աշխարհում կտեսնեն ու կլսեն: