Կայացել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի «Մարդու իրավունքները սպորտում» խորագրով 2-րդ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Նիստին մասնակցել է ավելի քան 60 պաշտոնյա, այդ թվում՝ Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների սպորտի ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք: Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Առցանց նիստի ընթացքում հիմնականում շեշտադրվել է մարզիկների և կանոնավոր մարզական գործունեություն իրականացնող այլ մասնակիցների իրավունքների պաշտպանության հարցը։ Մասնակիցները կիսվել են մարդու (մարզական ոլորտի ներկայացուցիչների) իրավունքների ինստիտուցիոնալ վերջին զարգացումների վերաբերյալ տեղեկատվությամբ և համաձայնեցրել EPAS-ի շրջանակում մասնակից երկրների հետագա քայլերը մարդու իրավունքների և սպորտի ոլորտում: