Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում, Արթիկ քաղաքում, Աշոցքի, Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան-Սևան, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան, Աշտարակ և Թալին քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։
Երևան-Սևան ավտոճանապարհի 27-37-րդ կմ-ն ընկած հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով Վրաստանի կողմից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ ՌԴ-ի կողմից բաց է դեկտեմբերի 8-ի ժամը 11։00-ից սկսած՝ միայն թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար, փակ է բեռնատարների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: