Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե իր հրաժարականն են պահանջում ՀՀ նախկին նախագահները, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, Հայոց Եկեղեցու Հայրերը, մտավորականներ, հակադարձեց. «Իսկ ինչո՞ւ դուք և խորհրդարանական ուժերը չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը և էլիտայի ներկայացուցիչներն անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն մեկ նպատակ. ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ»:
Ըստ Փաշինյանի՝ Մարուքյանի թվարկած ուժերն առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն: «Առաջադրում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան խորհրդարանում, որը չունի հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի ընդհանրապես:
Հետևաբար, եթե այս պայմաններում տեղի ունենա փոփոխություն, և նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի ոչ մի հենարան և ոչ մի աջակցություն, լեգիտիմության ոչ մի աղբյուր, ո՞ւմ վրա է հենվելու և ո՞ւմ է պատկանելու այդ իշխանությունը: Իհարկե, իշխանությունը պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել ու այդ կարգավիճակին են հասցրել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այն մեկ տարվա ընթացքում, որի մասին ասում է ընդդիմությունը, վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները:
«Այդ մարդկանց 90 տոկոսը, ովքեր այսօր հրաժարականը պահանջում են, այն մարդիկ են, ովքեր 2018-ի հունիսից արդեն հրաժարական էին պահանջում: Հիմա դուք ասում եք պատերազմ, բայց եթե հետ նայեք պատերազմից առաջ, կտեսնեք, որ այդ ասելիքն ու կազմը չի փոխվել: Բայց իմ հարցը հետևյալն է, ինչո՞ւ չեն պահանջում, այդ թվում՝ դուք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- նշեց վարչապետը: