16 կուսակցության սահմանած վերջնաժամկետը լրանալուն պես «Հայ հեղափոխական դաշնակցության» գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց քաղաքացիներին այդ պահից մինչև ժամը 17:00-ն իրականացնել անհնազանդության խաղաղ ակցիաներ: Ընդդիմադիրների պահանջը վարչապետի հարաժարականն է:
Միաժամանակ Սաղաթելյանը հայտարարեց՝ ակցիաները պետք է լինեն օրենքի սահմաններում և հորդորեց չտրվել սադրանքների:
Սաղաթելյանի կոչից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներում մի խումբ քաղաքացիներ սկսեցին փողոցներ փակել: Բարձրախոսներով մասնակիցները կոչ էին անում անցորդներին միանալ իրենց բողոքի ակցիային՝ միաժամանակ պահանջելով կառավարության հրաժարականը:
Անհնազանդության ակցիաները հասան նաև մետրոպոլիտեն: Կայարաններից մեկի աշխատանքը ժամանակավորապես խաթարվեց: Բողոքի մասնակիցները կանգնել էին գնացքների դռների արանքում: Արդյունքում՝ երկու ուղղությամբ էլ մեքենավարները ստիպված էին դադարեցնել ընթացքը: Ժամը 16:00-ին արդեն վերականգնվել էր մետրոպոլիտենի աշխատանքը:
Քաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության բողոքի ցույցերի մի քանի տասնյակ մասնակցի ոստիկանությունը տարավ բաժիններ: Բերման ենթարկվածների շարքում էին նաև 16 կուսակցության առանձին առաջնորդներ: Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով չխոչընդոտել այլ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:
Զանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ։ Մասնագետները պետք է ուսումնասիրեն ակցիայի մասնակիցների բերման ենթարկվելու հանգամանքները: